«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր ընդունված դատական օրենսգիրքը մասնագիտական շրջանակներում դժգոհությունների առիթ է դարձել: Ընդ որում, սահմանադրական այդ օրենքի դրույթներից բողոքում են և՛ դատավորները, և՛ փաստաբանները:
Երեկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննադատել է օրենսգիրքը` ասելով. «Եթե փաստաբանը դիմադրություն ցույց տվեց դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է տուգանել նրան»: Մինչդեռ սա անընդունելի է:
Իրենց հերթին օրենսգրքի դեմ բողոքում են դատավորները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անցումային դրույթների հետ կապված է մտահոգություններ հայտնել՝ ասելով. «Դեռ շատ անհայտ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն… շատ հարցեր, որոնք այսօր բոլորին անհանգստացնում են՝ և՛ դատավորներին, և՛ քննիչներին, և՛ մյուս բոլոր իրավապահ մարմիններին: Որակի առումով վստահ եմ` որևէ բացասական ազդեցություն չի ունենա, բայց աշխատանքի կազմակերպման հարցով` ոնց այդ ամենը կազմակերպեն… մենք մի քանի ամիս լրջագույն խնդիրներ ենք ունենալու իրավապահ համակարգում»:
Փաստորեն, իշխանությունները մատների արանքով են նայում անգամ նման կարևոր, սահմանադրական օրինագծերին, և դեռ հարց է՝ գործածության մեջ ի՞նչ նոր խնդիրներ կարող են ծագել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































