Եվրոպական ուղևորության ընթացքում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ն այցելել է Վատիկան և Հռոմի պապի հետ քննարկել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Զրույցի ընթացքում, որը տևել է 20 րոպե, նրանք եկել են եզրակացության, որ այդ քաղաքը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելը սպառնում է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հանդիպման ավարտին Վատիկանի տարածած հայտարարությունում ասվում է, որ կողմերը քննարկել են «խաղաղության և կայունության խթանումը Մերձավոր Արևելքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Երուսաղեմի խնդրին և Հաշեմյան միապետի դերին՝ որպես սրբավայրերի պահառուի»։
Հորդանանն ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել է չափազանց կոշտ՝ հայտարարելով, որ «իրավական առումով չնչին» որոշումը միայն կամրապնդի Երուսաղեմի արևելյան հատվածի իսրայելական օկուպացիան։
Վատիկանն ու Ամանն աջակցում են «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին՝ համարելով այն պաղեստինա-իսրայելական հակամարտության միակ ճիշտ լուծումը։ Իսկ Երուսաղեմի կարգավիճակի հստակեցումը, նրանց կարծիքով՝ հանդիսանում է խաղաղ գործընթացի կարևոր բաղադրիչ։







































