«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բանաձև» հաղորդման եթերում, անդրադառնալով Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու վերաբերյալ նախկինում հնչեցրած հայտարարությանը, հայտարարել է, որ Հայաստանից արտագաղթած շատ-շատ մարդիկ չեն գտել այն, ինչ փնտրում էին, այդ մարդկանց կարելի է վերադարձնել։ Դուք արդյո՞ք կարծում եք, որ այսօր Հայաստանում կան բավարար պայմաններ, և, հնարավոր է, ներգաղթ լինի։
-Անհեթեթ ու անիմաստ հայտարարություն է։ Ես չգիտեմ՝ դա PR է, թե ավելի շատ սև PR։ Այսօր ոչ թե մեր Սփյուռքի հայրենակիցների մտքով անցնում է Հայաստան վերադառնալ, այլ հարյուր հազարավոր հայեր՝ եթե հնարավորություն ունենան և լինի անհրաժեշտ 5-10 հազար եվրոն, կփախչեն արտասահման։ Շատերը չեն փախչում միայն այն բանի համար, որ չունեն անհրաժեշտ գումար։ Հնարավո՞ր է սլաքը շրջվի, ու հսկայական ներգաղթ լինի, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ՝ իհարկե հնարավոր է։ Հնարավոր է հեռո՞ւ, թե՞ մոտ ապագայում, իհարկե՝ մոտ։ Բայց միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը վերջապես հրաժարական տա և կանգնի արդարադատության առաջ։ Միայն հրաժարականը չի բավարում։ Արդյո՞ք դա իրատեսական է, թող Սերժ Սարգսյանը մտածի, ես դրա պատասխանը չեմ ուզում հնչեցնել։ Բայց այն, որ այո՛, շատ մեծ ներգաղթ կարելի է այսօր կազմակերպել, դա փաստ է։ Իսկ ինչո՞ւ այսօր, որովհետև վաղն ուշ կլինի, շատ ավելի փոքրաթիվ հայեր կվերադառնան Հայաստան։ Եվրոպահայությունը դեռ չի հասցրել ադապտացվել, ինչ-որ տեղ կատակով եմ նշում՝ երեխաները «անհուսալի եվրոպացի» չեն դարձել, բնական է, որ նրանց հետ վերադարձն ավելի խելքին մոտ է այսօր, քան տարիներ հետո։ Այս առումով Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում՝ կա մեծ պոտենցիալ Հայաստան ներգաղթ կազմակերպելու համար, միայն թե դա պետք է լինի իր հրաժարականից հետո։ Ավելին ձեզ ասեմ՝ մեր ֆորումն այլ ուժերի հետ միասին աշխատում է հենց այդ նպատակի համար, մենք ուզում ենք Հայաստանի արտադրությունները վերականգնենք, որ հայաստանցիների համար աշխատատեղեր ստեղծվեն՝ 20-50 հազար։ Միայն քիմիական արդյունաբերությունը վերականգնելով՝ տասնյակ հազարավոր աշխատատեղեր կարող ենք բացել։ Քիմիական արդյունաբերությունների հետ կապված են տասնյակ մանր արտադրություններ, հարյուրավոր ազատ ձեռներեցների համար աշխատելու դաշտ է ստեղծվում։ Քանի Հայաստանում աշխատատեղեր չկան, ո՞նց կարող ես դրսի մարդուն ասել՝ գա, գա ի՞նչ անի։ Այդ առումով մենք շատ մեծ աշխատանք ենք անում, եթե մեզ հաջողվի «Նաիրիտ»-ը վերականգնել՝ մի քանի հազար աշխատատեղեր կբացվեն, եթե դրան գումարենք Վանաձորի քիմկոմբինատը և մնացած մեր հնարավորությունները, կարող ենք այնքան շատ աշխատատեղեր բացել, որ կդիմենք դրսի մասնագետներին։ Նրանց կարիքը Հայաստանը շատ ունի, եթե նրանց լավ վճարենք՝ ամեն ինչ կորած չէ։
-Սերժ Սարգսյանի հարցազրույցից ի՞նչ տպավորություն ստացաք, արդյոք հեռացող նախագահի հարցազրույց էր։
-Սերժ Սարգսյանի համար չհեռանալը ինքնանպատակ չէ, դա նրա փրկության միջոցն է։ Գուցե նա մտածում է իր ընտանիքի ապահովության մասին, իսկ դրա համար նա պետք է լինի առաջին դեմքի կարգավիճակում։ Այս դեպքում էլ անհասկանալի են ուղիները, դրսում ոչ ոք այդ ուղին չի տեսնում։ Դա ըմբոստության սարսափելի ալիք է բարձրացնելու։
Երկրորդ տարբերակը՝ նա իր մանկլավիկներից մեկին նշանակում է վարչապետ, բայց դա էլ հղի է վտանգներով։ Իր շուրջը հավաքված բրուտոսներն իր փորը դանակ են մտցնելու, և նա շատ լավ գիտի՝ ոչ ոքի չի կարող վստահել։
Մենք հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի պատմությունը, նա իր ընկերոջը դրեց, որ իրեն պահի, բայց առաջինն իր ընկերը ծախեց։ Հիմա Քոչարյանն իր ղարաբաղցի ընկերոջից խաբված է, Քոչարյանի երկրորդ կեսը Սերժ Սարգսյանն էր, իսկ նա դավաճանեց։ Հիմա ինչո՞ւ չպետք է Սերժ Սարգսյանին դավաճանեն, ցանկացած մարդ հանգիստ խղճով Սերժ Սարգսյանին «փուռն է տալու»։ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում շատ անկեղծ էր, որտեղի՞ց իմանա, ամեն օր մի բան փոխվում է։
-Սերժ Սարգսյանը, կարծես, չքննադատեց կառավարությանն ու Կարեն Կարապետյանին, բայց նաև կեսկատակ պատասխանեց Կարապետյանի՝ վարչապետ լինելու ցանկությանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք կա՞ հակասություն։
-Ես արդեն ասացի՝ Սերժ Սարգսյանի կողքը միայն բրուտոսներ են, հաջորդող օղակում կան ՀՀԿ-ականներ, որոնք Սարգսյանից դժգոհ են ու գտնում են, որ դա ապագա չունեցող քաղաքականություն է։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, բայց հենց աթոռը երերաց, պատրաստ են առաջինը իրենք աթոռին խփեն, որպեսզի ասեն, որ կախաղան լինելուն մասնակից են եղել։ Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը կարո՞ղ է Կարեն Կարապետյանին վստահել, այո՛, հնարավոր է։ Կարո՞ղ է կոմպրոմիսի գնան, այո՛, կարող են։ Բայց որ Սարգսյանը կարող է Կարեն Կարապետյանին «փուռը տալով» ևս մեկ ալիք բարձրացնի՝ ևս հնարավոր է։ Եթե Կարեն Կարապետյանը առաջին դեմք լինի, Սարգսյանն անընդհատ վախը սրտի մեջ է պահելու, հենց Կարենին հանեն կախաղանի աթոռին, ասելու է՝ ինձնից առաջ նայեք ինչեր է եղել։ Տղան հենց սկզբից ասաց, որ կախարդական փայտիկ չունի։ Իսկ ես ունեմ՝ Հայաստան գոնե 5 միլիարդ ներդրում բերելու հնարավորություն, Հայաստանի բյուջեն մինչ տաս միլիարդ բարձրացնելու հնարավորություն։ Տաս միլիարդի պայմաններում Հայաստանն ինքն իրեն կարող է ապահովել ռազմական տեխնիկայով և չմուրալ իր ռազմավարական ընկերոջից վարկեր, որը չի վճարելու։ Չնայած նրան, որ նոր վարչապետի ապագան փայլուն է լինելու՝ մեծ հույսեր չունեմ, զրոյից ցանկացածն էլ կարող է թռիչք անել։ Առաջին հնգամյակում մեծ թռիչք ապահովելը հնարավոր տարբերակ է, բայց Կարեն Կարապետյանը դա չի անում։ Նա թողած երկրի տնտեսության իրական հարցերը՝ զբաղվում է այն հարցերով, որոնք իրեն եկամուտ են բերելու՝ գազ գնել և վաճառել։
-Վարչապետն ասում է, որ ցանկություն ունի պաշտոնավարել նաև ապրիլից հետո, բայց արդյոք այդ ուղղությամբ քայլեր արվում են։ Ինչո՞վ է նա տարբերվում Սերժ Սարգսյանից։
-Անկասկած տարբերվում է, Սերժ Սարգսյանը շատ ավելի վատ վարչապետ էր։ Բայց Կարենն էլ մենեջեր է եղել, մնում է մենեջեր։ Իսկ մենեջեր մակդիրով վարչապետ և գումարած շոումեն՝ միջակից ավելի ցածր արդյունքներ է տալու։ Նա չկարողացավ հեղինակություն դառնալ հենց սկզբից՝ իրեն սպանեց ՀՀԿ-ի անկողին մտնելու իր հայտարարությունը։ Կարեն Կարապետյանից ավելին սպասելն անհնար է, երկրին պետք են թարմ ուժեր։ Իսկ այդ թարմ ուժերը ձեր նշած մարդիկ են, նրանք, որոնք Հայաստանից արտագաղթել են, ունեն բարձր մակարդակ, և եթե Հայաստանում դրական տեղաշարժ լինի ու ռեժիմի մեջքը կոտրվի՝ մարդիկ հարյուրներով և հազարներով կվերադառնան։ Ես դրան հավատում եմ, դրանց մեջ սուպեր մենեջերներ կան և խիստ գիտական պատրաստվածություն ունեցող անձինք։











































