Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժանը անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների և ժամանակակից հարաբերությունների և եվրաարժեքների նվիրյալների միջև: Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Այդ փոփոխությունները անդրադառնում են ինչպես երեխայի իրավունքների պաշտպանությանը, երեխաների որդեգրմանը, ծնողական իրավունքներից զրկելու հիմնավորումներին, որոնցից շատերը տարբեր մեկնաբանության առիթ կարող են տալ: Բայց հիմա ուզում ենք անդրադառնալ այս նախագծով ներկայացված մի այլ նորամուծության: Խոսքը խնամատարության ինստիտուտի ներմուծման մասին է:
«Խնամատարությունը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է՝ այլ ընտանեկան միջավայրում, իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում՝ խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը: Սույն մասով սահմանված անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և վերապատրաստման կարգը, ինչպես նաև երեխայի ընտանիքում՝ խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», ասվում է օրենքի նախագծի 137-րդ հոդվածում:
Մինչև հիմա Հայաստանում գործում էր միայն որդեգրման ինստիտուտը, երբ ծնողներից զրկված, կամ ծնողների կողմից լքված երեխաները որդեգրվում և ձեռք էին բերում նոր ծնողներ: Որդեգրման դեպքում որդեգրված երեխան համարվում էր որդեգիրների երեխան, իսկ որդեգիրները երեխայի ծնողները: Այս դեպքում օրենքով ներմուծվում է նոր հասկացություն. խնամատարությանը հանձնված երեխան կոչվելու է հոգեզավակ,իսկ նրան խնամատարության վերցնողները կոչվելու են խնամատար ծնողներ: Խնամատարությունը չի ենթադրում, որ երեխան պետք է մշտապես մնա այն ընտանիքում, որը ստանձնում է նրա խնամատարությունը, այլ միայն այնքան ժամանակ, մինչև վերացվում է «կյանքի դժվարին իրավիճակը», որում հայտնվել է երեխան: Խնամատար ընտանիքը պետության կողմից ստանում է համապաստասխան վարձատրություն. երեխայի խնամքի և դաստիարակության, ինչպես նաև խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրություն: Խնամատարության դեպքում հնարավորություն է տրվում, որ երեխայի ծնողները մասնակցեն երեխայի դաստիարակությանը, եթե դա չի հակասում երեխայի շահերին:
Սա նշանակում է, որ երեխային ընտանիքից կարող են վերցնել առանց ծնողներին ծնողական իրավունքից զրկելու: Մնում է հասկանալ, թե ինչ է նշանակում կյանքի դժվարին իրավիճակը, ով է որոշում այդ իրավիճակի դժվար լինելը կամ դրա հաղթահարված լինելը:
Համոզված ենք, որ այս ինստիտուտի հակառակորդները պնդելու են, որ սա հայկական ավանդական ընտանիքը խարխլելու հերթական փորձն է, երբ ամեն մի անհիմն պատճառով երեխային կարող են կտրել իր ծնողներից ու ընտանիքից և նրան հանձնել խնամատար ընտանիքին։ Խնամատար ընտանիքը դառնալու է բիզնեսի նոր միջոց, որովհետև օրենքը չի սահմանափակում, թե մի խնամատար ընտանիքը քանի հոգեզավակ կարող է ունենալ: Եվ խնամատար ընտանիքները կարող են պետությունից գումար ստանալու համար մի քանի տասնյակ հոգեզավակներ պահել: Բացի այդ, եթե դժվարին իրավիճակի հիմնական բնութագրիչը դառնա սոցիալական վիճակը, ապա կստացվի որ աղքատ ընտանիքների երեխաները պետք է հանձնվեն խնամատար ծնողներին, ովքեր նրանց վրա փող կաշխատեն:
Մյուս կողմից խնամատարության ինստիտուտը չափազանց տարածված է արևմտյան երկրներում, և այն ոչ միանշանակ է աշխատում նույնիսկ այնտեղ: Նույնիսկ այն դեպքերում, երբ երեխային իսկապես հիմնավոր պատճառներով են վերցնում ծնողներից և հանձնում խնամատարության, հետագայում շատ դժվար է լինում հոգեզավակին հետ վերցնել խնամատար ծնողներից։ Նախ այդ ընթացքում երեխայի և նրա նոր ծնողների միջև առաջանում են հոգևոր կապեր, խնամատար ծնողները նաև անձնական շահագրգռվածությունից ելնելով այդ երեխաներին տրամադրում են իրենց հարազատ ծնողների դեմ, և երեխան չի ցանկանում փոխել միջավայրը: Իսկ նման դեպքերում օրենքը լինելու է երեխայի կողմից, որովհետև այս օրենքով սահմանվում է երեխայի լավագույն շահեր հասկացությունը, որը առաջնային է ցանկացած պարագայում:
Այս ինստիտուտի ներդրման կողմնակիցներն էլ կպնդեն, որ եթե երեխայի ծնողները թմրամոլ են կամ ալկոհոլիկ, երբ չեն աշխատում և չեն ապահովում երեխաների կենցաղի համար անհրաժեշտ պայմանները, երեխաները սոված են քնում, մի՞թե ավելի լավ չի, որ երեխան մեծանա նորմալ ընտանիքում, ստանա նորմալ դաստիարակություն, քան մնա նման դժվարին իրավիճակում: Իսկ եթե ծնողները ուզում են չզրկվել իրենց երեխաներից, կամ հետ ստանան նրանց, թող ավելի ուշադիր լինեն իրենց վարքագծի նկատմամբ, ավելի աշխատասեր լինեն և ապահովեն իրենց երեխաների լավագույն շահերը:
Կլինեն նաև մարդիկ, ովքեր կհամարեն, որ բոլոր այս պնդումներն էլ անհիմն են, որ ինչպես բոլոր օրենքները, այնպես էլ այս մեկը՝ ընդամեը օրենք է, որը պետք է ընդունվի, և այդպես էլ չի գործի: Որ Հայաստանի կառավարությունը երբեք էլ գումարներ չի շռայլի երեխաների դաստիարակությունը խնամատար ծնողների կողմից կազմակերպելու համար, մանավանդ, որ դա հսկայական գումարներ է պահանջելու: Կյանքը ցույց կտա, թե այս մոտեցումներից որն է ավելի մոտ իրականությանը:











































