«Սա ինչ-որ տեղ, այո, դրական կերպով կազդի դատարանների գործերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու վրա՝ այն իմաստով, որ կվերանան դատարանների նախագահները՝ իրենց տնօրինչական գործառույթներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Անկախ դատավոր» իրավապաշտպան ՀԿ նախագահ, փաստաբան Պարգև Օհանյանը՝ խոսելով կառավարության կողմից հավանության արժանացած Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու որոշման նախագծի մասին։
Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:
«Ոչ թե դատավորների թիվն ենք ավելացնում, այլ բեռնաթափում ենք դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից»,- նշել է նախարարը:
Պարգև Օհանյանը, սակայն, կարծում է, որ դատարաններում գործերը շատ հաճախ ձգձգվում են սուբյեկտիվ պատճառներով՝ դատավորների ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով կամ այլ շարժառիթներով։
«Որպես կանոն, պետք է մեկ դատական նիստով ավարտել, բայց դատավորները ձգձգում են՝ տարբեր ոչ էական և արհեստական պատճառներ օգտագործելով։ Դատարանները պետք է կարողանան օրենքի շրջանակներում օպերատիվ կերպով, առանց ավելորդ «բյուրոկրատական» քաշքշուկների ավարտել դատական նիստերը՝ թույլ չտալով ոչ մի կոռուպցիոն ռիսկ»։
Հարցին՝ սա արդյոք տալի՞ս է երաշխիք, որ սրանով հնարավորինս կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը դատարաններում, թե՞ հակառակը, և այդ առումով հատկապես ո՞ր հանգամանքի վրա պետք է ուշադրություն սևեռել, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Ինձ դա ևս մտահոգում է, սակայն մինչև դա չգործարկվի, արդյունքները չեն երևա. նորից եմ կրկնում՝ այդ մտահոգությունը ես ունեմ, որովհետև եթե սա բրգաձև կառույց դարձավ, այսպես ասած՝ տնօրինչական գործառույթներով, ապա, բնականաբար, կոռուպցիոն ռիսկերը կմեծանան, որովհետև պետք է գնան զեկուցեն, «դաբրո» ստանան և այլն, այսինքն՝ դատարանների անկախությունը կնվազի, և ըստ այդմ էլ կոռուպցիոն ռիսկերը կմեծանան։ Տա Աստված, որ ես սխալվեմ, որ սրանով ավելի կախվածություն չունենան դատարանի նախագահից և շատ այլ հարցեր, որոնք, սակայն, միայն ժամանակը ցույց կտա»։











































