Շվեյցարիայի կառավարությունը դեկտեմբերի 8-ին առաջարկել է թույլ տալ տնային կալանքի ենթարկել այն անձանց, ովքեր սպառնում են անվտանգությանը՝ նույնիսկ եթե նրանք չեն կասկածվում կոնկրետ հանցագործության մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սիմոնետա Սոմարգուան՝ փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ այդ քայլը հակաահաբեկչական փաթեթի մաս է՝ լրացնելու համար իրավական համակարգի բացը, երբ գործը «պոտենցիալ սպառնալիք» ներկայացնող մարդկանց մասին է:
Նախարարի խոսքով՝ ներկայում ոստիկանության և արդարադատության մարմինների պաշտոնատար անձանց ձեռքերը կապված են, երբ խոսքը այն մարդկանց նկատմամբ արդյունավետ գործողությունների մասին է, որոնց նկատմամբ դեռևս չկա քրեական հետապնդում:
Շվեյցարիայում առայժմ չի եղել ահաբեկչական հարձակում՝ ի տարբերություն հարևան եվրոպական երկրների, իսկ հետախուզությունը անցյալ ամիս հայտարարել է, որ 550 մարդ իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում երկրի համար:






































