«Կարապի լիճ» սահադաշտը պաշտոնապես կբացվի դեկտեմբերի 8-ին: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով` դեկտեմբերի 11-ին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կկայանա «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան: «Արդեն մի քանի տարի է մենք այդ մարզադպրոցը համարում ենք Երևան քաղաքի համար լուրջ ձեռքբերում: Այստեղ տոնական օրերին մեր համաքաղաքացիները կկարողանան ոչ միայն չմուշկ քշել, այլև վայելել մի շարք ներկայացումներ»,-ասաց նա:
Արամ Սուքիասյանը նշեց, որ մարզադպրոցում ներկայացումները կանցկացվեն նաև դեկտեմբերի 26-ին և 28-ին: «Մեզ համար շատ ուրախալի է, որ այս ներկայացումներն անցկացվելու են բացառապես մեր սաների ռեսուրսներով»,-հավելեց փոխքաղաքապետը:
Անդրադառնալով տոնական ավանդական դարձած միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը հավելեց, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 10-ին Հյուսիսային պողոտայում: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:








































