Բացարձակապես անտեղի են մտահոգությունները, թե ԵՄ-Հայաստան համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կյանքի չեն կոչվի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքերով՝ պատճառը, որ ԵՄ-ի համագործակցության գործընթացը դարձավ անշրջելի, սկսվեց Սահմանադրության ընդունումով. «Այսինքն՝ այն հիմնական խնդիրները, որ այսօր Եվրոպան դնում է իր արժեհամակարգում, դրանք «Արևելյան գործընկերության» երկրներում տարածելու իմաստով, այդ ամենի երաշխավորումը ամենաբարձր մակարդակով կատարված է մեր Սահմանադրությամբ։ Որոշ մարդիկ դա չեն ուզում տեսնել։ Մինչև ստորագրելն էլ հայտարարում էին, որ Հայաստանի հետ չի կարելի այդպիսի համաձայնագիր ստորագրել, որովհետև Հայաստանն այդ երկիրը չի, թաղված է կոռուպցիոն և այլ խնդիրների մեջ։ Հիմա էլ, որ արդեն ստորագրվել է, ասում են՝ կյանքի չի կոչվի։ Բայց Եվրոպան ոչ թե պետք է առաջնորդվի հոռետեսների կարծիքներով, այլ իր ունեցած գործիքակազմով»,- ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ ԵՄ-ն ունի շատ հստակ մեխանիզմներ, որոնք տալու են հնարավորություն ընթացքում վերահսկել, գնահատել և դրա չկատարման դեպքում դրանից բխող հետևանքներ արձանագրել։ «ԵՄ-ն կառույց է, որն ունի իր ձևավորված կարգուկանոնը և ունի բոլոր հնարավոր միջոցներն ազդելու, որ իր արժեհամակարգը կյանքի կոչվի այն երկրներում, որոնց հետ համագործակցության մեջ է»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։






































