Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չի հերքել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները: Նա չի հերքել նաև Գլխավոր շտաբի պետի մեկ այլ տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը: Զինված ուժերի Գլխավոր շտաբը բանակի կառավարման առանցքային, կարևորագույն օղակ է, իսկ նոր սահմանադրական մոդելի, խորհրդարանական լիարժեք կառավարման պայմաններում Գլխավոր շտաբը գործնականում դառնալու է բանակը կառավարող օղակը: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև նախորդ տարի հոկտեմբերին, երբ ՊՆ-ին ներկայացնում էր նոր նախարար Վիգեն Սարգսյանին և ԳՇ նոր պետ Մովսես Հակոբյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ երկրի թիվ մեկ զինվորականը լինելու է Գլխավոր շտաբի պետը:
Գործնականում, Գլխավոր շտաբում փոփոխությունները Սարգսյանը սկսել է դեռևս ամռանը՝ հունիսին նշանակելով ԳՇ պետի առաջին տեղակալ: Այդ պաշտոնին նշանակվեց գեներալ Օնիկ Գասպարյանը, որը Զինված ուժերում բավականին բարձր վարկ և հեղինակություն ունեցող զինվորական է: Այդուհանդերձ, ԳՇ առումով առանցքային դիտարկվում էր Հայկազ Բաղմանյանի պաշտոնավարումը, որովհետև Բաղմանյանը ոչ միայն բանակի, այլ նաև ընդհանրապես Հայաստանի իշխանական համակարգի օդիոզ կերպարներից մեկն է, որի պաշտոնավարումը անգամ շտաբի ամբողջ կազմի փոփոխության պայմաններում ինքնին հանդիսանում է բացասական ցուցիչ:
Պատրաստվո՞ւմ է Սերժ Սարգսյանը հեռացնել այդ ցուցիչը Գլխավոր շտաբից ու բանակից ընդհանրապես: Դա կարող է լինել իսկապես կարևոր կադրային որոշում: Սակայն այստեղ, իհարկե, առանցքայինը Բաղմանյանին հեռացնելը չէ, այլ կա սկզբունքային խնդիր, հատկապես Ապրիլյան պատերազմից հետո ձևավորել որակապես նոր Գլխավոր շտաբ, որն իր կադրային ներուժով և մասշտաբով համարժեք կլինի Հայաստանի ռազմա-քաղաքական մարտահրավերներին: Մյուս կողմից, սակայն, դժվար է միարժեք ասել՝ Սերժ Սարգսյանին պետք է այդպիսի՞ Գլխավոր շտաբ, թե՞ այդուհանդերձ մոտիվացիոն հիմքն այլ է, և Սարգսյանին պետք է շտաբ, որն առավելագույնս կառավարելի կլինի 2018 թվականի ապրիլի հանգուցալուծման համատեքստում, անկախ Սարգսյանի այս կամ այն կարգավիճակից:
Ըստ ամենայնի՝ այդ կոնտեքստում պետք է դիտարկվի նաև անմիջականորեն շտաբի պետի՝ Մովսես Հակոբյանի պաշտոնավարումը, որը իհարկե Հայկազ Բաղմանյան չէ, սակայն որի նշանակումն այդ պաշտոնում ևս տարակուսանքի տեղիք էր տվել՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ շրջանառվում էին Հակոբյանի՝ դեռևս ԼՂՀ ՊՆ նախարարի պաշտոնում գործունեության այսպես ասած անարդյունավետության կապակցությամբ: Ավելին, տեղեկություններ էին շրջանառվում, որ այդ արդյունավետությունը մեղմ ասած զերծ չի եղել կոռուպցիոն ռիսկերից: Մյուս կողմից, սակայն, հենց այդպիսի ռիսկային գոտում գտնվող պաշտոնյաներն են լինում առավելագույն կառավարելի:
Եվ հենց այդ առումով է նաև հարցը առանցքային, թե ինչն է Սարգսյանի մոտիվացիան նոր Գլխավոր շտաբի ձևավորման հարցում՝ ռազմա-քաղաքական իրողություններին, մարտահրավերներին ու հնարավորություններին համարժեքությունը, թե՞ սեփական քաղաքական ծրագրերին համահունչ լինելն ու կառավարելիությունը: Իսկ գուցե Սարգսյանը փորձում է ստանալ հիբրիդային շտաբ: Բոլոր դեպքերում, այդ ուղղությամբ Սարգսյանի գործողությունը փաստորեն կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագրից հետո ներքին կյանքում նրա նոր, այսպես ասած, ընդգծված գործողությունը, ՀՔԾ այցից և այնտեղ կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք հռչակելուց հետո: Ընդ որում, երկրորդ քայլը կարող է դիտվել առաջինի տրամաբանական շարունակությունը:











































