Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:
Դատական նիստի ընդմիջումից հետո ամբաստանյալ Արա Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. « Հայաստանում կան բերիաներ, գործակալներ, ովքեր շինում են գործեր ու հոշոտում են մարդկանց… Այստեղ կարող էր նստած լինել յուրաքանչյուրի զավակն ու եղբայրը… Անարդարությունը նման է քաղցկեղի՝ պետք է արմատից հատել… Ինչո՞ւ է այսքան մարդ բանտերում… Հայաստանը չի փրկվի, քանի դեռ այսքան քաղբանտարկյալներ կան… Շատ են վրեժխնդրորեն մոտենում մեզ, չնայած խոսում են Ազգային համաձայնության մասին… Այս ոգով մեր երազների Հայաստան երբեք չենք կառուցի… Որևէ հեղաշրջում մենք չենք ցանկացել ու չենք ցանկանում: Նման գաղափարի մենք չենք հարել ու չենք հարում…»:









































