Վաղը Մինսկում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի համատեքստում երեկ Վլադիմիր Պուտինն ընդունել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում, և, անկեղծ ասած, չարժե նույնիսկ ակնկալել, որ երեկ Կրեմլում կարևոր ինչ-որ հարց է քննարկվել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն առաջին հայացքից է ազդեցիկ թվում, իրականում դա Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող սահմանափակ ռեսուրսներ ունեցող մի պաշտոնյա է՝ իր գրասենյակով: Սա այն տրամաչափն ունեցող պաշտոնյան չէ, ում հետ Պուտինը հարցեր քննարկի, առավել ևս՝ Խաչատուրովն այն ֆիգուրը չէ, ում հետ հնարավոր է աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խնդիրներ քննարկել: Առավելագույնը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Պուտինին կարող է զեկուցել տրված հանձնարարությունների կատարման մասին և ստանալ նորերը: Խաչատուրովի պարագայում Պուտինի հետ նույնիսկ երկուրոպեանոց հանդիպումը նշանակալից իրադարձություն է, որովհետև նա լուսանկարով «հավերժանում» է Ռուսաստանի գործող նախագահի կողքին:
Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Պուտինին, գլոբալ իմաստով, ՀԱՊԿ-ից դարձյալ անհրաժեշտ են լուսանկարներ՝ այն իմաստով, որ Մոսկվայի շուրջ ռազմաքաղաքական դաշինքի պատրանք, իմիտացիա ստեղծվի: Այդ պատրանքը Պուտինին անհրաժեշտ է բազմաշերտ օգտագործման համար: Հետխորհրդային տարածքում ՀԱՊԿ-ը հարմար քողածածկույթ է, որն ըստ էության լեգիտիմացնում է Ռուսաստանի կայսերական քաղաքականությունը: Օրինակ՝ ՀԱՊԿ-ն այն ցուցանակն է, որի անվան տակ Ռուսաստանը կարող է իր ռազմական ներկայությունն ապահովել Ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ավելի գլոբալ քաղաքականության մեջ ՀԱՊԿ-ը Ռուսաստանին պետք է իր միջազգային մեկուսացումը քողարկելու նպատակով: Պատահական չէ, որ հիմա ակտիվորեն քննարկվում է, օրինակ, Հայաստանի սակրավորներին Սիրիա ուղարկելու հարցը՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Չնայած ՀԱՊԿ ռեսուրսներն այնքան սահմանափակ են, միջազգային լեգիտիմությունը՝ խոցելի, որ կազմակերպությունը չի ձգում անգամ իմիտացիոն դերակատարությանը, ու սիրիական թատերաբեմում Մոսկվան իր քաղաքականությունը փորձում է լեգիտիմացնել Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով:
ՀԱՊԿ-ում գոյություն չունի ռազմաքաղաքական միասնական օրակարգ, և անգամ Ուկրաինայի հարցում Բելառուսն ու Ղազախստանը գերադասեցին չեզոքությունը՝ անտեսելով Մոսկվայի ճնշումները: Էլ չենք խոսում ԼՂ հակամարտության մասին, որտեղ Հայաստանը բախվում է այն իրականությանը, որ իր ֆորմալ դաշնակիցներից Ռուսաստանն ու Բելառուսը սպառազինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Իլհամ Ալիևի հիմնական լոբբիստն է:
ՀԱՊԿ-ը, ըստ իր առաքելության, պետք է լիներ Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր էլեմենտներից մեկը, սակայն դե ֆակտո դարձել է մեր երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավեր: Հայաստանում որևէ մեկը պոզիտիվ սպասելիք չունի ՀԱՊԿ գագաթնաժողովներից, ու գոնե մխիթարվում ենք նրանով, երբ դրանց օրակարգն «անշառ» է լինում, այսինքն՝ Հայաստանը չի ներքաշվում Արևմուտքի հետ հակադրության հարթություն:









































