«Единая Россия» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստան-ԵՄ միջև ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագրին շեշտեց, որ Ռուսաստանը միշտ եղել է առավելագույն համագործակցության կողմնակիցը և կողմնակից այն ներուժի առավելագույն օգտագործմանը, որն ունի ցանկացած ինքնիշխան պետություն։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները, որ օգտագործի իր զարգացման ներուժը՝ և այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, և այն կողմի հետ, որը կապված է ԵՄ-ի հետ, առավել ևս այն դեպքում, երբ այդ փաստաթղթում հստակ նշված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը որևէ կերպ չի կարող խանգարել այն պայմանավորվածություններին, որոնք արդեն գոյություն ունեն»,- ասաց Սերգեյ Ժելեզնյակը։
Վերջինս անդրադառնալով նաև ռուսական լրատվամիջոցներով հեռարձակվող հակահայ ռեպորտաժներին, նշեց, որ դրանք չեն արտահայտում պաշտոնական Մոսկվայի տեսակետը։
«Ռուսաստանը այնպես ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է և ցանկացած մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը․ մի բան է, երբ դա ասում է մասնավոր անձը, բոլորվին այլ բան, եթե դա ասում է պետական գործիչը»,-ասաց նա։
Ասուլիսին ներկա ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշտոյանն էլ իր հերթին հորդորեց չսևեռվել այդ միջադեպի վրա, քանի որ այն արդեն հարթվել է և համացանցից էլ տեսանյութը հանված է։
Մանրամասները՝ տեսանյութում։










































