«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներով հարստացված սնունդը մարդու առողջության համար վնասակար չէ, բացառությամբ այն մարդկանց, ովքեր ալերգիկ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից, փորձագետ Գեորգի Ավետիսյանը։
Նրա խոսքերով՝ Monsanto ընկերության արտադրանքի շուրջ բարձրացված աղմուկից առաջ ՀՀ կառավարությունը կարող է օրենսդրական մակարդակում արգելել երկրում աճեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներով բույսեր։ «Մասնագետները միանշանակ պնդում են, որ ԳՄ օրգանիզմներ Հայաստանում աճեցնել չի կարելի, մենք դրա համար համապատասխան հողեր չունեն։ Սննդամթերքի օգտագործումը թույլատրվում է, բայց կոնկրետ գյուղմթերքների աճեցումը չի թույլատրվում։ Ռուսաստանն էլ վերջերս նման որոշում կայացրեց։ Հիմա, եթե Monsanto-ն հայտարարում է, թե չի պատրաստվում սերմեր բերել Հայաստան, ապա ՍԱՊԾ-ն պարտավոր է սահմանին վերահսկողությունը ուժեղացնել, լաբորատորիաներ կան, և հետազոտություններով կարելի է իմանալ՝ դա ինչ սերմ է, և թույլ չտալ ԳՄՕ-ով սերմերի աճեցումը Հայաստանում։ Թե չէ ամբողջ մեղքը գցել Monsanto-ի վրա, որ ուզում են փող աշխատել, առնվազն ծիծաղելի է»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ոլորտում չի բացառվում նաև կոռուպցիոն մեխանիզմներ, որի գործադրման պայմաններում հնարավոր կլինի ԳՄՕ պարունակող սերմեր ներկրել և այստեղ աճեցնել։ «Չնայած ես գիտեմ, որ այսօր էլ Հայաստանում ԳՄՕ մթերքներ աճեցվում են և վերահսկողություն, որպես այդպիսին, չկա։ Թող վերահսկեն՝ չլինի»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է սննդի անվտանգության պետական ծառայությանը, ապա Ավետիսյանի խոսքերով՝ դա այն մարմինն է, որը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար և հենց իրենք պետք է հորդորեն, հետևողական լինեն, որ ԳՄՕ-ով սննդամթերքերը պետք է պարտադիր մակնշվեն։ «Հայաստանում կան համապատասխան կառույցներ, լաբորատորիաներ, որտեղ կարելի է փորձաքննություն անցկացնել և մակնշել տվյալ սննդատեսակը, որը ԳՄՕ է պարունակում»,- ասաց Ավետիսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































