«Մի քիչ խառը իրավիճակ է, բայց ես զգում եմ, որ գործը բավականին լուրջ ձևով առաջ է գնում և կարող է նոր տարուց հետո մի բան լինել։ Բայց հիմա այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Մհերյանը սպանվեց 2009 թվականին, իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ: Նրա հայրը՝ Պետրոս Մհերյանը առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած գործից չի խոսվում, բայց քննությունը կասեցված չէ, ակտիվ քննություն է գնում։ Նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ, Մհերյանի խոսքերով, բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերում գործին։ «Գործի քննությունը կասեցված չի, սառեցված չի։ Գլխավոր դատախազի անձը կարևոր չի, բայց ինքը բավական լուրջ մոտեցում է ցուց տալիս գործին։ Ես գոհ եմ իրենց արած գործից, իրա որոշ աշխատակիցների արած գործից։ Զգացվում է, որ իրենք հոգով-սրտով են աշխատում, բավականին լուրջ ցանկություն կա բացահայտման համար։ Ես նախադրյալներ տեսնում են»,- ասաց Մհերյանը՝ հավելելով, որ ինքը բավականին լուրջ փաստեր ունի և դրանցով օգնում է նախաքննական մարմնին։ «Որոշակի փաստեր ներկայացրել եմ, և իրենց էլ հետաքրքում է դրանք։ Մինչդեռ ժամանակին բացարձակ ուշադրություն չէին դարձնում դրան։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա իրենցից դժգոհ եմ, իրենց ճիշտ չեն պահում, շատ դժգոհ եմ»,- ասաց Մհերյանը։
Հիշեցնենք, որ Պետրոս Մհերյանը մի քանի տարի է՝ իր ձեռքի տակ եղած փաստերի վրա հիմնվելով պնդում է, որ նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշակի մասնակցություն է ունեցել կատարվածում։ Ավելի կոնկրետ՝ նա կարող էր կանխել իր որդու սպանությունը, մինչդեռ սպանությունից հետո դիտավորյալ շեղել է գործի քննության ընթացքը։ «Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Գևորգի սպանության գործը ընդամենը 4 օր անց վերցվեց քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վարույթից և հանձնվեց 6-րդ վարչությանը: Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ չթողեցին, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն աշխատի գործի վրա: Արդյո՞ք Հովիկ Թամամյանը չէր գնում այն ուղղությամբ, որ գործը բացահայտվեր: Այդտեղ միանշանակ միտում կար: Ես վստահ եմ՝ եթե գործը մնար Թամամյանի վարույթում, ապա, միանշանակ կբացահայտվեր: Նրանք զգում էին այդ վտանգը, դրա համար էլ խլեցին նրանից գործը և սկսեցին կոծկելու գործընթացը»,- դեռևս 2014-ին մեզ հետ զրույցում ասել էր Մհերյանը:
Այսօր Պետրոս Մհերյանից հետաքրքրվեցինք՝ հիմա գործի բացահայտման համար խոչընդոտներ չկա՞ն, գործը բացահայտումից շեղողներ չկան, քանի որ իր նշած անձինք այսօր էլ բարձր պաշտոնների են։ «Հենց այդ անձինք են մեղավոր, ում անունները տվել եմ, ում մասին խոսել եմ։ Փաստերը խոսում են հենց դրա մասին։ Դաժե տեսանյութ կա, որ միտումնավոր է գործը շեղվել։ Դե եթե շահ չկար, ինչու են միտումնավոր շեղել քննության ընթացքը։ Հարցը հենց սրանումն է»,- ասաց Մհերյանը՝ հավելելով. «Հիմա էլ դրանցից որոշները անձեռնմխելի մարդիկ են, լուրջ դեմքերով նստած խոսում են ԱԺ-ում։ Անձամբ Կոստանյան Գևորգն էր մեղադրում, ասում, որ դա սարքոցի է, բայց հիմա նույն մարդը իրա կողքը նստած է։ Բա ի՞նչ եղավ էդ սարքոցին»։











































