ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին: Այս մասին ուրբաթ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ժամանելով «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթնաժողովին:
«Ես (Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա) Մեյի հետ կհանդիպեմ դեկտեմբերի 4-ին: Իրականում վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցային գրծընթացում «շարժ կա»:- Հուսով եմ՝ բանակցությունները ճիշտ ուղղությամբ կընթանան»,- հավելել է Յունկերը:
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունները մեկնարկել են հունիսի 19-ին: Երկխոսությունը պետք է տևի մինչև 2018 թ. նոյեմբեր, որից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա 2019 թ. մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով 23:00-ին:











































