Ես այն սերնդից եմ, որը տարկետման հետ կապված խնդրի միջով անցել է. այն ժամանակ շատ ավելի բարդ խնդիրների առջև էինք կանգնած, բայց ի վերջո, մտածում էինք, որ կրթությունն ու գիտությունը մեզ համար նաև մշակութային արժեք է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքերով՝ տարկետման իրավունքի խնդիրը շատ գլոբալ չէ, նեղ խնդիր է, բայց միաժամանակ մտածելակերպի ու մշակույթի խնդիր է. «Ժամանակին մենք գնացինք տարկետման իրավունքը պահպանելու ճանապարհով, հենց այդ հիմքից ելնելով։ Ասում են՝ մենք Ազգ-բանակին այլընտրանք չունենք։ Բայց ինչու չէ, ազգ-գիտնական կարող ենք լինել, մենք այդպիսին ենք եղել։ 1970-ական, 1980-ական թվականներին Խորհրդային միությունում հասարակության մեջ մի այդպիսի պոռթկում եղավ, երբ ամենաարժեքավորը միտք ունեցող մարդն էր։ Իսկ հիմա մենք դա ոչնչացնում ենք, ինչը ողբերգության պես բան է»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ չի կարելի մեկը մյուսով փոխարինել։
«Այո, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգության խնդիր, որի լուծման ձևերը ուզած-չուզած պետք է գտնենք։ Զինծառայության որակի խնդիրը կա, բերեք առանցքը սա դարձնենք, ունենք կոռուպցիա, այլ խնդիրներ, եկեք հատ-հատ սրանք լուծենք։ Մի հարցը մյուսով չի կարելի ծածկել։ Անարդարություն միշտ էլ եղել է ու կա, բայց եթե որոշել ես դրա դեմ պայքարել, պետք է արդյունավետ ձևերով պայքարես։ Ձևական, արհեստական լուծումները արդյունք չեն տա։ Եթե խոսում ենք տարկետման թվական արդյունքների մասին, ապա այստեղ շատ նեղ հատվածի մասին է խոսքը։ Այսինքն՝ դրանով մենք խնդիր չենք լուծում, հակառակը, նոր խնդիրներ ենք ստեղծում, որոնք, իմ կարծիքով, անհասկանալի ուղղությամբ են մեզ տանելու»,- ընդգծեց ԿԲ նախկին նախագահը։











































