Երևան-Երասխ ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում ոստիկանները նոյեմբերի 14-ին հայտնաբերել են այս տարվա սեպտեմբերի 7-ից անձի առևանգման հոդվածով հետախուզման մեջ գտնվող 3 քաղաքացու:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հետախուզման մեջ գտնվողներից 26-ամյա Նարեկ Ս.-ն տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ կասկածյալներից 2-ը Ոստիկանության Արտաշատի բաժին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում. ժամը 16։00-ի սահմաններում Երևանի պետհամալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ամուսնության նպատակով առևանգել էր ԵՊՀ-ի դասախոս 30-ամյա Տաթև Ա.-ին։ Առևանգվածի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առևանգողը 26-ամյա Նարեկ Ս.-ն, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի և Տաթևի ամուսնությանը։











































