«Օրենքի մի դրույթ է ընդամենը հակասահմանադրական ճանաչվել, և մինչև մարտի 31-ն ԱԺ-ն կհամապատասխանեցնի դրանք։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցւոմ ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով քիչ առաջ հրապարակված ՍԴ որոշմանը, որով «Լուսավոր Հայաստանի» դիմումն ամբողջությամբ բավարարվեց։ ՏԻՄ համապատասխան օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, իսկ մինչ այդ կայացած ավագանու նիստերը և դրանց ժամանակ կայացված որոշումները ճանաչվեցին ուժը կորցրած։ «Մենք ՍԴ-ի որոշումը մեկնաբանելու խնդիր չունենք։ Դա իրավական տիրույթում գտնվող հարց է։ ԱԺ-ն մինչև մարտի 31-ը կփոխի էդ օրենքը՝ ինչպես ասված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- ասաց քաղաքապետը։
Մեր դիտարկմանը՝ փաստորեն Սահմանադրական դատարանը ևս փաստեց, որ մեկ տարի շարունակ ավագանու նիստերը իր կողմից ապօրինաբար են գումարվել, դրանք ոչ իրավազոր են եղել, Մամիկոն Ասլանյանը արձագանքեց. «Այս պահին են դրանք ճանաչվել ուժը կորցրած։ Նախորդ գործող օրենքի ժամանակ, այսինքն՝ մինչև ՍԴ որոշումը, մեր բոլոր գործողությունները օրինական են եղել, քանի որ բխել են ՏԻՄ օրենքից։ Հիմա, եթե ՏԻՄ օրենքը հակասում է Սահմանադրությանը, թող փոխվի օրենքը։ Բայց դա չի նշանակում, թե մինչ այս մենք նիստերը օրինական չենք արել։ Մեր բոլոր գործողությունները, որոշումները օրինական են եղել։ ԱԺ-ի կողմից օրենքի փոփոխություներից հետո կփոխվեն նաև մեր գործողությունները»։
Նշենք, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը նշեցին, որ ՍԴ որոշումը ենթադրում է, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, և արտահեթ ընտրություններ նշանակվեն Վանաձորում։ Մամիկոն Ասլանյանը, սակայն, հորդորեց չշտապել։ «ՍԴ որոշումը ծավալուն է, իրավաբանները կստանան, կմեկնաբանեն, կհասկանանք։ Ես չեմ որոշում՝ ավագանին պետք է լուծարվի՞, թե՞ ոչ։ Բայց եթե լուծարվի, նորմալ կվերաբերվեմ։ Եթե չլինի, էլի նորմալ կվերաբերվեմ»։
Եթե Վանաձորում արտահերթ ընտրություններ լինեն, Դուք դրան նորմալ կնայեք և կմասնակցե՞ք՝ հարցրինք. «Ինչը որ օրենքի շրջանակներում է, ես ամեն ինչին նորմալ եմ նայում։ Մնացածը ապագայի հարց է»։
Նշենք նաև, որ նոյեմբերի 22-ին նախատեսված է Վանաձորի ավագանու հերթական նիստը։
Անդրադառնալով հարցին, թե ՍԴ որոշումից հետո գումարելո՞ւ է հերթական նիստը, թե՞ ոչ, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո։ «Բայց ես ոնց հասկանում եմ, մեր բոլոր որոշումները մինչև մարտի 31-ը գործում են։ Այնպես որ, մինչև օրենքի մեջ փոփոխություն չարվի, գործելու ենք հին օրենքով, և որևէ խնդիր այս պահին չեմ տեսնում»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։
Նշենք, սակայն, որ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Իսկ ՍԴ-ն գործող օրենքը ճանաչել է հակասահմանադրական։








































