Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կոչ է արել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին հրաժարական տալ՝ կապված այն բանի հետ, որ նրա որդիների անունները շրջանառվում են օֆշորային ընկերությունների գործունեության մասին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նյութերում։
Նյութերում ներկայացվել են տվյալներ այն մասին, որ Թուրքիայի վարչապետի որդիները կապված են օֆշորային հոլդինգների հետ։ Համաձայն ICIJ-ի նյութերի՝ Էրքան և Բյուլենթ Յըլդըրըմները հանդիսանում են նավափոխադրումներ իրականացնող երկու ընկերությունների միակ բաժնետերեր։
Իր հերթին Յըլդըրըմը հերքել է որդիների հասցեին հնչեցված մեղադրանքները՝ հայտարարելով, որ նրանց բիզնեսում որևէ գաղտնի բան չկա։











































