ԳԱԼԱ-ն հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցի երկրորդ հատվածը՝ նվիրված ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հարցերի, և անկեղծորեն պետք է խոստովանել, որ այն շատ ավելի բովանդակալից ու հետաքրքիր է, քան հարցազրույցի առաջին հատվածը: Չենք կարող չանել մեկ այլ դիտարկում. որքան հարցերն ավելի գլոբալ են, այսպես ասենք՝ դուրս «Սասնա ծռերի» համատեքստից, այնքան ավելի ադեկվատ և ամբողջական են Սեֆիլյանի գնահատականները:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի իրավիճակային գնահատականները գրեթե անխոցելի են, խնդիրը նրա առաջարկած լուծումներն են: Դրանք երբեմն մաքսիմալիստական են՝ հայտնվելով իրական քաղաքականության և ուտոպիայի, ռեալ պոլիտիկի և արկածախնդրության խաչմերուկում: Այս իմաստով շատ դեպքերում իրատես Ժիրայր Սեֆիլյանը հակադրվում է մաքսիմալիստ Ժիրայր Սեֆիլյանին: Օրինակ՝ Սեֆիլյանը գրեթե անվրեպ բնութագրել է Սերժ Սարգսյանի քաղաքական հոգեվիճակը՝ կապված 2018-ի հետ: «Սակայն որքան մոտենում է ժամանակը, այնքան նրա մեջ խորանում է վախը, որ առանց պետական կառավարման պաշտոնի չի կարողանալու ղեկը պահել։ Ուստի արդեն երկար ժամանակ է, որ նա երկընտրանքի մեջ է»,- ասել է նա։
«Ալ Ջազիրա»-ին տված հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել էր Հայաստանի դիկտատոր դառնալու ցանկություն ունենալու մեջ: Ժիրայր Սեֆիլյանը մուլտֆիլմի օրինակով դիպուկ հակադարձել է նախագահին: «Սերժ Սարգսյանի այս անհաջող սադրանքի փորձն ինձ հիշեցնում է «Հայելի» մուլտֆիլմը։ Այնտեղ յուրաքանչյուրն իրեն էր տեսնում հայելու մեջ և բնութագրում իր տեսած պատկերը։ Մի աթոռ զավթած «թագավոր» էլ կար։ Նա հայելու մեջ տեսնում էր մարդակեր գազանին, որ աչքն իր գահին է տնկել»,- ասել է նա:
Մյուս կողմից՝ Սեֆիլյանն ըստ էության չի կարողացել պատասխանել Սարգսյանին, որովհետև ի վերջո պատմականորեն հաստատված փաստ է, որ զինված ապստամբության կամ հեղաշրջման միջոցով իշխանության եկածները հանրագումարում դառնում են դիկտատորներ և բռնապետներ:
Ժիրայր Սեֆիլյանն անհարկի մեծացնում է սեփական քաղաքական կշիռը, երբ իր ձերբակալությունը կապում է ԼՂ խնդրի, քառօրյա պատերազմի հետ: «Իմ նկատմամբ կատարվածը պետք է դիտել որպես պատանդառություն, որն ուղղակի կապ ուներ ապրիլյան քառօրյա պատերազմի մեխանիզմի, հետևանքների, այդ թվում՝ զոհերի ու տարածքային կորուստների, ինչպես նաև այդ ամենի պատասխանատուների վերաբերյալ իմ և իմ պայքարակից ընկերների կատարած բացահայտումների հետ»,- ասել է նա։
Ինչքան էլ բարձր գնահատենք Սեֆիլյանի անուրանալի ներդրումն Արցախյան պատերազմում, պետք է օբյեկտիվորեն ընդունել, որ «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունը համաչափ է դարձնում իշխանությունների գործողությունները, այդ թվում` նրա ձերբակալությունը, որն ավելի լեգիտիմացվեց մեկ տարի անց` ՊՊԾ գնդի իրադարձություններից հետո:
Գալով ԼՂ խնդրին` դժվար է չհամաձայնել Ժիրայր Սեֆիլյանի այն պնդմանը, որ պատերազմը գրեթե անխուսափելի է, մանավանդ, որ ԳԱԼԱ-ի զրուցակիցը դրա սանձազերծման ակունքներում տեսնում է Մոսկվային, Անկարային և Բաքվին: «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվացմանը զուգահեռաբար Ռուսաստանն ուժասպառ է լինում, իսկ Ադրբեջանի ներքին մարտահրավերներն անշեղորեն աճում են՝ սպառնալով վերածվել կազմաքանդող գործընթացների։ Իր հերթին՝ Թուրքիան կանգնած է ներքին և արտաքին գոյութենական մարտահրավերների առաջ։ Երեքն էլ ժամանակ չունեն։ Ուստի նրանք վերը նշված հերթականությամբ շահագրգռված են պատերազմ սանձազերծելու և իրենց նպատակներն այդ ծայրահեղ տարբերակով, բնականաբար՝ մեր հաշվին, իրագործելու հարցում»,- ասել է Սեֆիլյանը։ Ընդ որում` ազատազրկված գործիչը խոսել է պատերազմի ռուսական սցենարի մասին, ինչը ենթադրում է Արցախի տարածքում ռուսական զորքերի տեղակայում և Ադրբեջանի կախյալություն Ռուսաստանից:
Այս ճշգրիտ գնահատականներին հակադրվում է նույն հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած լուծումը, որը նույնիսկ ավելի մաքսիմալիստական է, քան «ոչ մի թիզ հողի» կարգախոսը: «Բոլորս պետք է հասկանանք, որ ազգային պետությունը՝ Կուր-արաքսյան տարածքով ու ինքնիշխան քաղաքականությամբ, մեզ համար լինել-չլինելու խնդիր է»,- ասել է Սեֆիլյանը:
Ոչ միայն նա, այլև առհասարակ հայ ազգայնականությունը չի կարողանում ըմբռնել, որ Հայաստանը սեփական ռեսուրսներով չի կարող սպասարկել հակադրության ռեժիմը, մաքսիմալիստական օրակարգը, ինչն էլ շատ հաճախ Ռուսաստանից միակողմանի կախվածության հիմքեր է ստեղծում:
Մեր սուբյեկտիվ ընկալմամբ, սակայն, Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցի երկրորդ հատվածի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որը ազատազրկված գործիչը դիտարկում է ապագաղութացման համատեքստում. «Համաձայնագիրը կունենա իր դրական ազդեցությունը ինչպես վարչակազմի բռնապետական դրսևորումները և ռուսական գաղութատիրությունը զսպելու, այնպես էլ մոտ ապագայում անխուսափելիորեն իրականացվելիք մեր ապագաղութացում-ազատագրումը (Armexit) հնարավորինս դյուրին ու անցնցում դարձնելու առումներով»։
Վերջում նկատենք, որ Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցի երկրորդ հատվածը հնարավորինս զերծ է «ծռության» կոդերից և այլընտրանքային տեսակետ ներկայացնելու փորձ է: Գուցե մի փոքր պարզունակ ու չհղկված, այնուամենայնիվ` ողջունելի:









































