ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին և ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձևավորված բարեկամական խմբի անդամներին: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ նախորդ տարիներին խորհրդարանում ձևավորված բարեկամական ավանդույթները կշարունակվեն՝ նպաստելով երկու երկրների և ժողովուրդների բարեկամության խորացմանը: Հերմինե Նաղդալյանը կարևորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի և դեսպանության համատեղ աշխատանքը՝ փոխայցերի, երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունները կայացել են, սակայն շատ են անելիքները: Տիկին Նաղդալյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններին և ընդգծել մեր երկրի համար կարևոր հարցերում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը: Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ամրապնդման գործում՝ նշելով, որ բարեկամական խումբը պատրաստ է աջակցել դեսպանության նախաձեռնություններին, իրականացվելիք ծրագրերին:
Տիկին Նաղդալյանը ՉԺՀ խորհրդարանի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը նշել է, որ հայ-չինական բարեկամությունը խոր արմատներ ունի, և Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերային, բարեկամական հարաբերությունների խորացումը: Դեսպանը կարևորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցել բարեկամական խմբի անդամների հետ: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի հետ՝ խթանելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Թիան Էրլունը փաստել է, որ անփոփոխ է Չինաստանի իշխանությունների մոտեցումը՝ սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վերջերս հուշագիր է ստորագրվել Երևանի և չինական Ցինդաո քաղաքի միջև՝ նոր հարթակ ստեղծելով քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության համար: Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ձգտում է հաստատել փոխադարձ հարգանքի, արդարության, ներդաշնակության և հավասարության վրա հիմնված հարաբերություններ:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների, դեսպանը պատասխանել է բարեկամական խմբի անդամների հարցերին:









































