Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանի դաշնակիցը, բարեկամը և թշնամին՝ Թեհրանում. մեր օրակարգը մնում է նույնը

Թեհրանում նոյեմբերի 1-ին կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր 2016 թ. օգոստոսին՝ Բաքվում:

Օրակարգի հիմնական թեմաներն են եղել եռակողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, տարանցիկ ճանապարհների կառուցումը, էներգետիկ հարցերի քննարկումն ու համագործակցությունը գազի և նավթի ոլորտներում: Մասնավորապես, նշվում է, որ երեք երկրները մտադիր են կյանքի կոչել Բալթիկան Հնդկաստանին կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագիրը: Էներգետիկ համագործակցությանն առնչվող ուշագրավ տեղեկություններից էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի գազատար խողովակներով գազ մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններին: Իրանի նախագահ Ռոհանին իր հերթին տեղեկացրել է, որ ռուսական նավթային ընկերությունները ներկայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ իրանական կողմին նավթային ծրագրերում ներգրավելու նպատակով: Իրանը բանակցում է նաև Ադրբեջանի հետ՝ հատկապես Կասպից ծովում՝ նավթի արդյունահանման ոլորտում փոխգործակցության հարցի շուրջ: Պուտինը, Ալիևը և Ռոհանին չեն մոռացել նաև տարածաշրջանային կոնֆլիկտների մասին: Կողմերն ընդգծել են, որ չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար: Ի դեպ, մինչ նախագահների եռակողմ գագաթնաժողովը, առանձին հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները, որի ընթացքում, ինչպես հաղորդեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, քննարկվել է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափը և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում Հայաստանի շահերի տեսանկյունից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, ո՞րն է այս ձևաչափի հիմնական նպատակը: Ի՞նչ կարող եք ասել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համագործակցության մասին:

– Ըստ էության, ձևաչափը գոյություն ունի բավական երկար ժամանակ և գործում է ոչ այնքան մեծ ինտենսիվությամբ, բայց պետք է ի նկատի առնել մի կարևոր հանգամանք՝ ձևաչափում ներգրավված կողմերն ունեն ոչ միայն ընդհանուր շահեր, այլև բազմաթիվ հակասություններ: Եթե դիտարկելու լինենք այդ հակասությունների դաշտը, ապա այստեղ կա Կասպից ծովի կարգավիճակի խնդիրը, մրցակցություն Իրանի և Ռուսաստանի միջև՝ մասնավորապես նավթագազային ոլորտում, որը կարող է ի վերջո հանգեցնել նույնիսկ շահերի բախման: Կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հետ, որոնք միանշանակորեն ազդում են իրանա-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի վրա: Այսուհանդերձ, նման հանդիպումները Հայաստանի շահերի տեսանկյունից, անշուշտ, հետաքրքրություն են ներկայացնում, և մենք պետք է ակնդետ հետևենք այս ձևաչափի շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներին, որովհետև այս ձևաչափին մասնակցում են Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, մեր հարևան և բարեկամ պետությունը՝ Իրանը, որի հետ հարաբերությունները նույնպես ձգտում են ռազմավարական մակարդակի, և Հայաստանի անվտանգության համար վտանգ ներկայացնող մեկ այլ հարևան՝ Ադրբեջանական հանրապետությունը: Հետևաբար՝ գործընթացները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին:

Մի կարևոր հանգամանք կա՝ պետք է տարբերակել արարողակարգային հայտարարությունները իրական գործողությունների դաշտից: Առայժմ իրական գործողություններ կամ ինչպես ասում են՝ կոնկրետ դաշտում քայլեր չեն իրականացվել, բայց կրկին սա չպետք է թուլացնող ազդեցություն ունենա մեր օրակարգի վրա, և մենք պետք է ավելի ինտենսիվորեն և ակտիվորեն առաջ տանենք այն քայլերը, որոնք նախատեսված են և մասամբ իրականացվում են:

– Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունից հետո սա վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի շուրջ տեղի ունեցող երկրորդ ուշագրավ իրադարձությունն է մեր տարածաշրջանում, որին Հայաստանը չի մասնակցում: Թեհրանի հանդիպումը պե՞տք է մտահոգության առիթ լինի մեզ համար այն իմաստով, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային համագործակցության ձևաչափերից:

– Նշված երկու ձևաչափերում չէր էլ նախատեսվում Հայաստանի մասնակցություն: Եթե խոսքը վերաբերում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղուն, ապա դրա գործարկումը առայժմ եղել է տեխնիկական, և տեխնիկական, փորձնական գործարկումը կրկին չի փոխում մեր գործողությունների օրակարգը: Հոռետեսական տրամադրությունները, թե սրանով Հայաստանի շրջափակումն ամբողջանում է կամ Հայաստանը հայտնվում է ավելի խիստ շրջափակման մեջ, պարզապես չեն համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստանը առանց այն էլ շրջափակման մեջ է, և այս երկաթուղու հիմնական ռիսկը կապված է Ադրբեջանի հնարավոր հզորացման հետ՝ այս երկաթուղուց ստացվելիք եկամուտների շնորհիվ: Երկրորդ կարևորագույն ռիսկը մեր հասարակության մեջ, հատկապես ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով, այս ծրագրերի միջոցով հոռետեսական բարոյալքման տրամադրությունների սերմանումն է, և ակնհայտ է, որ հոռետես, բարոյալքված հասարակությունը շատ ավելի թույլ է հնարավոր վտանգներին և ռիսկերին դիմակայելու առումով:

Եթե դառնանք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրին, ապա այս միջանցքը ոչ թե «մրցակցում է» հայ-իրանական օրակարգում առկա ծրագրերի հետ, այլ հետապնդում է բոլորովին տարբեր նպատակ: Ադրբեջանական կողմը սա էլ փորձում է ներկայացնել իբրև Հայաստանի դեմ ուղղված ծրագիր և կրկին հասնել արդյունքների՝ մեր հանրության վրա ազդելու նպատակով: Իրականում եթե Հայաստանը և Իրանը լուրջ քայլեր ձեռնարկեն թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ և թե՛ քառակողմ ձևաչափերում, որոնք այսօր գոյություն ունեն, ապա մեզ համար ամենավատատեսական սցենարի դեպքում, երբ կգործարկվի այդ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, մենք կունենանք բավական արտոնյալ պայմաններ՝ այն առումով, որ դեպի Սև ծով ելքն ամենակարճ երթուղով անցնում է Հայաստանի տարածքով, և այս իմաստով կարող ենք որոշակիորեն վտանգել թե՛ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու տնտեսական շահավետությունը և թե՛ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շահավետությունը:

Հայաստանի պարագայում մենք պետք է հստակորեն տարանջատենք առաջնային և երկրորդական քայլերը: Որպես առաջին քայլ, նախ, պետք է մեր հասարակությանը հստակ բացատրենք, որ Ադրբեջանն այս ծրագրերով ակնհայտորեն փորձում է քարոզչական ազդեցություն գործել մեր հասարակության վրա, և ըստ էության, որևէ օրակարգ չի փոխվել, ոչինչ չի փոխվել առայժմ մեր տարածաշրջանում: Երկրորդ քայլը պետք է լինի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հնարավորին արագ և որակյալ շինարարությունը: Այս ավտոմայրուղու առկայության պայմաններում, մուլտիմոդալ փոխադրումների համակարգով արդեն իսկ Հայաստանը կարող է մրցակցել ցանկացած տարածաշրջանային այլ ծրագրի հետ: Պետք է ակտիվացնենք աշխատանքներն այս ուղղությամբ: Եվ երրորդ քայլը՝ պետք է շարունակենք ֆինանսավորման աղբյուրներ փնտրել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության համար, որովհետև սա էլ չափազանց կարևոր ծրագիր է մեր պարագայում, և եթե գործարկվի հայ-իրանական երկաթուղին, և Պարսից ծոցը նաև երկաթուղային ճանապարհով կապվի Սև ծովի հետ, ապա ակնհայտ է, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու և առայժմ գոյություն չունեցող, բայց ապագայում հնարավոր «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արդյունավետությունը կհայտնվեն լուրջ հարցականի տակ նաև տնտեսական շահավետության տեսանկյունից:

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ հայկական լրատվական դաշտում չի խոսվում առկա հնգակողմ բանակցային ձևաչափի մանրամասների մասին: Խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան ձևաչափի մասին է, որը ենթադրում է արդեն իսկ առկա տրանսպորտային ուղիներով մուլտիմոդալ փոխադրումներ Հնդկաստանից դեպի Եվրոպա: Այս ձևաչափի ակտիվացումը կրկին չափազանց շահավետ է մեզ համար:

Մյուս կողմից, Հայաստանը պետք է ակտիվ ջանքեր գործադրի Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային գործակցության ձևաչափը կազմավորելու, վերջնականապես բյուրեղացնելու ուղղությամբ, և այս բոլոր ծրագրերի իրականացումն ուղղակի անիմաստ կդարձնի մեզ համար թշնամական դիրքորոշում ունեցող երկրների՝ Հայաստանը «նեղ վիճակում» դնելու բոլոր ջանքերը:

– Իրանի նախագահը դեռևս 2016 թ. սկզբին ասում էր, որ Իրանի հյուսիսն Ադրբեջանի հարավին երկաթուղային ճանապարհով կապող Կազվին-Ռեշդ-Աստարա հատվածի շինարարությունը շատ շուտով կավարտի: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռոհանին ասաց, որ երկաթուղային ճանապարհների կառուցումը կավարտվի Իրանի 12-րդ կառավարության գործունեության ընթացքում: Ի՞նչն է շինարարության դանդաղ ընթացքի պատճառը:

– Մեզանում հաճախ սխալ ընկալումներ կան նաև Աստարա-Ռաշդ երկաթգծի շինարարության մասին: Այդ շինարարությունն իրականում չի սկսվել: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Իլհամ Ալիևը հենց թեհրանյան հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը 500 մլն դոլար է տրամադրել Իրանին (երկաթուղու շինարարության արժեքը 1 մլրդ դոլար է): Պետք է նախ ճշտել՝ արդյոք իրականում տրամադրվե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ, որովհետև որոշ ժամանակ առաջ իրանցիները բողոքում էին, որ Ադրբեջանը խաբեության միջոցով փորձում է խուսափել այդ գումարի տրամադրումից:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանի քաղաքական վերնախավում կան տարբեր ուժեր, և որոշ բավական ազդեցիկ ուժեր այդքան էլ կողմնակից չեն Իրան-Ադրբեջան համագործակցության խորացմանը՝ համարելով, որ Ադրբեջանական հանրապետության հետ հարաբերությունները պարունակում են նաև ռիսկեր: Այդ ռիսկերից ամենակարևորը, որը նաև իրանական մամուլում է արծարծվում, Իսրայելի ներկայությունն է Ադրբեջանում, և կարծիք կա, որ իսրայելցիներն Ադրբեջանի միջոցով ցանկանում են մուտք գործել Իրան, նույնիսկ վերահսկել Իրանի տրանսպորտային որոշ ուղիներ: Հետևաբար Իրանում էլ վերաբերմունքը միանշանակ չէ, և գործող իշխանություններն այս ծրագրերի ոլորտում ունեն բավական հզոր ընդդիմություն, ընդ որում՝ ընդդիմությունն առկա է թե՛ տեսանելի հատվածում և թե՛ անտեսանելի պայքարի դաշտում, ուստի ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

Բայց կրկնեմ՝ այս ամենը չի նշանակում, որ Հայաստանը չպետք է լուրջ ջանքեր և քայլեր գործադրի իր համար արդյունավետ և օգտակար ծրագրերն իրականացնելու ուղղությամբ: Ըստ էության, քարոզչական ֆոնից բացի, որևէ լուրջ բան չի փոխվել տարածաշրջանում այս իմաստով, և կարծում եմ՝ մեր քայլերն իրականացնելու դեպքում կունենանք լրջագույն հաջողություններ և նաև հնարավորություն՝ ոչ պակաս արդյունավետությամբ քարոզչական տիրույթում ազդելու ադրբեջանական հասարակության վրա, որին համոզել են, թե Հայաստանը մեկուսացած, աղքատության ճիրաններում գտնվող, թույլ երկիր է: Հայաստանն ամենևին այդպիսի երկիր չէ, պարզապես պետք է լուրջ աշխատանք իրականացնել, որպեսզի լուծենք մեր առջև դրված բոլոր խնդիրներն այս տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում