Ուղիղ 500 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց Ռեֆորմացիային` Ամերիկայի և Եվրոպայի համար դարակազմիկ իրադարձության, որը հանգեցրեց արևմտյան քրիստոնեականության, Կաթոլիկ միասնական եկեղեցու պառակտմանը և բողոքականության առաջացմանը: Խոսքը ոչ միայն քրիստոնեական նոր հոսանքի, այլ նաև բողոքական նոր էթիկայի ձևավորման մասին է: Ռեֆորմացիան Եվրոպայում նոր արյունոտ պատերազմների սանձազերծման պատճառ դարձավ, սակայն անուրանալի է դրա քաղաքակրթական հետևանքը: Ռեֆորմացիայի հետ է կապված տնտեսական նոր համակարգի` շուկայական կապիտալիզմի և քաղաքական աշխարհակարգի` բուրժուական դեմոկրատիայի ծնունդը:
Ռեֆորմացիայի մեկնարկը. ինչպե՞ս է առաջացել «բողոքականություն» անունը
Ամեն ինչ սկսվեց 1517թ-ի հոկտեմբերի 31-ին, երբ վանական և աստվածաբան Մարտին Լյութերը գերմանական Վիտտենբերգ քաղաքի դռանը փակցրեց թռուցիկ` 95 թեզերով: Դրանց հրապարակման ֆորմալ առիթը բողոքն էր ինդուլգենցիաների առևտրի դեմ, բայց բովանդակային հարթության վրա սա ընդվզման դրսևորում էր պաշտոնական կաթոլիկանության դեմ, որը թաթախվել էր կոռուպցիայի և անհագ շքեղության մեջ: Մարտին Լյութերն առաջարկում էր վերադարձ վաղ քրիստոնեական ակունքներին: Մյուս կողմից` Ռեֆորմացիայի մեկնարկին նպաստեցին առևտրի աննախադեպ զարգացումը, դրամական տնտեսության և միջին խավի ձևավորումը:
Թեզիսների հրապարակումից միայն 12 տարի հետո հրապարակ եկավ «բողոքականություն» տերմինը: 1729թ-ին, երբ կայսրը և կաթոլիկ եկեղեցին արգելեցին Ռեֆորմացիայի տարածումը և անհաշտ պայքար սկսեցին «հերետիկոս» Լյութերի դեմ, հինգ իշխաններ և 14 քաղաքներ պաշտոնական բողոք ներկայացրեցին, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ Լյութերի հետևորդները կոչվեն բողոքականներ:
Երեսունամյա պատերազմը
Այն ժամանակվա կրոնական անհանդուրժողականությունը և խիստ բարքերը, ի վերջո, հսնգեցրեցին 1618-48թթ-ի Երեսունամյա արյունոտ պատերազմին: Սրբազան Հռոմեական կայսրության ղեկը գտնվում էր Համսբուրգների տան ձեռքին, որը պատերազմական գործողություններ սանձազերծեց բողոքական հայացքներ ունեցող գերմանական իշխանների դեմ: Գերմանիայից սկսված պատերազմը տարածվեց ամբողջ Եվրոպայում: Երեսուն տարիների ընթացքում ոչնչացվեց Գերմանիայի բնակչության 25-40%-ը:






































