«Երբ ասում են՝ կողմերի համար ցավոտ, մենք հասկանում ենք՝ մեզ համար ցավոտ, բայց պետք է օպտիմիստ լինել։ Ես բազմիցս ասել եմ՝ մենք մի քանի անգամ միակողմանի զիջումների գնացել ենք։ Բայց մեր ցանկացած փոխզիջում դիտարկվել է ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ թուլության նշան։ Հիմա փոխզիջման պահը Ադրբեջանինն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասաց ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք դա ակնարկ չէ՞ր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հարցի կարգավորման. «Այդ հարցի մասին կողմերը պետք է մոռանան։ Արցախի պաշտպանության նախարարը, նախագահի խոսնակը հստակ հայտարարել են՝ վերադարձ նախնական վիճակին լինել չի կարող»։
Հարցին՝ վստա՞հ է, որ Հայաստանի իշխանությունները չեն գնա փոխզիջումների, և այդ հարցում հակասություն չի առաջանա ԼՂ և ՀՀ ղեկավարության միջև, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ որևէ հակասություն կարող է լինել։ Իհարկե, ընթանում են բանակցություններ, և իշխանությունները որոշակի քննարկումներ են տանում այդ շրջանակներում։ Այդ թղթերը սեղանին են և քննարկման առարկա, բայց որևէ փաստաթուղթ չկա։ Այսօր գոյություն ունի մի ձևաչափ՝ դա ստատուս քվոյի պահպանումն է։ Ես չեմ կարծում, որ այն ծրագրերը, որ մշակվում են, և այն աշխատանքները, որ տարվում են այն տարածքներում, որոնց մասին որ խոսում են՝ պետք է վերադարձնել… Ինչի՞ համար են այդ աշխատանքները տարվում։ Երբեմն կարևոր չէ՝ ով ինչ է ասում. այն, ինչ տեղի է ունենում, դրա ականատեսն ենք. հյուսիսային, հարավային ճանապարհները։ Ի՞նչ եք կարծում՝ այդ աշխատանքներն արվում են, որ հետագայում այդ տարածքներն ինչ-որ մեկի՞ն տրվեն։ Ինչո՞ւ չեք նայում նախագահի վստահ ելույթներին, երիտասարդ քաղաքագետների մոտ կարող ես ասել՝ ամեն ինչ հնարավոր է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































