«Իգլայի» գործով դատարանը հարցաքննեց Սամվել Բաբայանին: Նա իրեն մեղավոր չի ճանաչում ո՛չ «Իգլայի» դրվագով, ոչ էլ փողերի լվացման դրվագով:
«Իգլայի» դրվագի առնչությամբ Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը որպես մասնագետ նայել է Սանասար Գաբրիելյանի ցույց տված լուսանկարը և բացատրել, որ այն պետք է երեք հրթիռ ունենա, այլապես պիտանի չէ. «Չի կարելի մի տրուբա առնել ու 40 հազար դոլար տալ: Ուղղակի ծիծաղելի է»: Ըստ Բաբայանի՝ իր հետ խոսելուց հետո Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է այդ տրուբան ձեռք բերելուց.
«Էս մարդիկ 2016-ի մայիսից են զբաղվում «Իգլայի» գործով, ես մայիսի 23-ին եմ մտել Հայաստան. ինչպե՞ս կարող էի դրդող լինել: Ես պաշտոն չեմ զբաղեցրել, հասարակ քաղաքացի եմ: «Ապացուցելու եմ՝ ում գարաժից է Իգլան». Սամվել Բաբայան»,- ասաց նա:
Սամվել Բաբայանը մեղադրողին ասաց. «Ձեզ էլ վեց ամիս լսեն հեռախոսով՝ 100 հատ հոդված կդնեն»:
Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանը ասաց, որ ինքը ոչինչ չի արել՝ ո՛չ գողություն, ոչ էլ փողերի լվացում: Ինչ-որ մոսկվացի պարտք է եղել, 5 հազար դոլար պարտքը ուղարկել է ներկված թղթադրամներով: Սամվել Բաբայանը նաև լրատվամիջոցներին անդրադարձավ. «Դուք կարաք անվտանգությունում աշխատեք, իրանց փաստաբանն եք: Ինձ սարքել եք ավազակ, յոթ ամիս ա եթերից քարոզում են, որ հանցագործ եմ»:
Դատարանը անցել է փորձագետի հարցաքննությանը:












































