Ներկայումս աշխարհում 8 երկրներ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, իրենց հաշվեկշռում ունեն 20.5 հազար միավոր միջուկային զենք, որոնցից 5 հազարը պատրաստ են գործածման, իսկ 2 հազարը գտնվում են մշտական օպերատիվ մարտական պատրաստականության վիճակում: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի զեկույցում:
Նշվում է, որ 2010 թ., չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են զգալիորեն կրճատել այդ զինատեսակը, նրանք հայտարարում են նաև նմանատիպ նոր համակարգերի տեղակայման մասին: Հնդկաստանն ու Պակիստանը շարունակում են մշակել նաև բալիստիկ և թևավոր հրթիռների ստեղծման նախագծեր, որոնք հնարավորություն ունեն միջուկային գլխիկներ տեղափոխել:
Զեկույցում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր խնդիրների, որոնք շարունակում են վտանգել միջազգային խաղաղությունը: Դրանք կապված են Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, Չինաստանում և Հնդկաստանում տնտեսական աճի, հետևաբար՝ ռեսուրսների նկատմամբ աճող հետաքրքրության, ինչպես նաև պարենի գների աճի և դրանով պայմանավորված հուզումների հետ: