ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիանի քաղաքապետի ծննդյան տարեդարձի շուրջ ստեղծված աղմուկին:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ քաղաքապետի ծննդյան տարեդարձին քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետի նկարով շապիկներ էին հագել: Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցն այսօր բարձրացրել էր ԱԺ նիստում՝ ասելով, որ դա անթույլատրելի արարք է, և կառավարությունը պետք է դրան հստակ գնահատական տա:Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հարցադրում է անում՝ քաղաքապետի ծնունդը նշվել է ապրիլին, ինչո՞ւ է հենց հիմա բարձրացվում հարցը:
«Ես հայտարարությունից անմիջապես հետո նայեցի, որ Սիսիանի քաղաքապետի ծնունդը եղել է ապրիլի 28-ին: Բա քնա՞ծ էին, երեք-չորս ամիս հետո նոր գալիս են, հիշում են ծնունդները: Ի՞նչ ա, քաղաքապետի ընտրությունից մի շաբաթ առաջ հիշեցի՞ն, որ քաղաքապետը ծնունդ է ունեցել»,- հարցադրում արեց նա:








































