Երեկ Երևանում կայացած Կարեն Կարապետյան – Դմիտրի Մեդվեդև հանդիպման ժամանակ երկու վարչապետների միջև տեղի է ունեցել կարճ մի երկխոսություն, որը լավագույնս արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փիլիսոփայությունը: Երբ Կարեն Կարապետյանն ասել է, թե տարվա ընթացքում երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 23%-ով, Մեդվեդևն անմիջապես հակադարձել է, թե իր մոտ ավելի լավ թվեր կան` մի ակնթարթում միանգամից յոթ նիշով «բարձրացնելով» հայ-ռուսական ապրանքաշրջանառության մակարդակը: Անգամ անհեթեթ է պատկերացնել, որ երկու կառավարություններում կարող են այդքան մեծ տարբերություններ արձանագրվել ընդամենը մի քանի ամիսների ցուցանիշների վերաբերյալ:
Սակայն այս դեպքում թվերը չեն էականը և ոչ էլ այն, թե երկու երկրների վիճվարչություններից որ մեկն է թերացել, որովհետև խնդիրը ոչ թե մասնագիտական ծառայությունների աշխատանքի, այլ հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ է, որն ամբողջովին կառուցված է թվային աճպարարության հենքով: Երբ երկկողմ հարաբերությունները զուրկ են լինում բովանդակությունից, զարգացման ռեսուրսից, առաջին պլան են գալիս ոչինչ չասող թվերը: Հայաստանը Ռուսաստանից ինչ-որ տնտեսական ակնկալիքներ ունի և հրապարակում է ավելի համեստ ցուցանիշ` արձանագրելու համար ավելի մեծ սպասելիք: Մոսկվան միանգամից հակադարձում է ավելի մեծ թվով` Երևանին հասկացնելով, որ ավելի մեծ սպասելիքներ չունենա:
Սակայն այս թվերը, մեծ հաշվով, նման են երկկողմանի աճպարարության, որովհետև հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները` չնայած արտաքին խաբուսիկ տպավորությանը, չունեն բովանդակություն, Հայաստանին ու Ռուսաստանին չի կապում ապագայի որևէ տեսլական կամ մեծ նախագիծ, քաղաքակրթական հենք կամ միասնական հայացք գլոբալ իրադարձություններին: Հայաստանը, Ռուսաստանի դեմքով, կորցրել է գործընկերոջ, անտարակույս` ամենակարևոր գործընկերոջը, սակայն չի գտել նոր հարաբերությունների բանալին:
Պուտինյան Ռուսաստանը չունի գործընկերոջ ձիրք, քաղաքական պատասխանատվություն, քաղաքակրթական պոտենցիալ, սակայն ամուլ է նաև որպես կայսրություն, որովհետև վերջինս բնութագրվում է ոչ միայն ու ոչ այնքան տարածքով կամ ռազմական պոտենցիալով, որքան` կոնսոլիդացնող, ռացիոնալ օրակարգով: Հենց այս հատկանիշն է, որը բացակայում է Ռուսաստանի մոտ` նրան դարձնելով կրեատիվությունից զուրկ անցյալի կայսրություն, որը ճահճի պես խորտակում է սեփական, նաև` իր կողմից կլանված տարածքների ապագայի տեսլականները: Ռուսաստանն իր փաստացի գաղութներին, այդ թվում` Հայաստանին առաջարկելու ոչինչ, ըստ էության, չունի: ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն հենց բովանդակային վակուումի դրսևորումներ են, ռուսական ռացիոնալիզմի բացակայության պտուղներ:
Պատահական չէ, որ ռուսական ինտեգրացիոն նախագծերի ավելացմանը զուգահեռ` հայ-ռուսական հարաբերությունների բովանդակային ծավալն ավելի սահմանափակվում և իմաստազրկվում է, որովհետև Ռուսաստանը, որպես գործընկեր, ավելի մշուշոտ և անտեսանելի է դառնում Հայաստանի համար, իսկ որպես կայսրություն` քաղաքականապես անպատասխանատու և անմեղսունակ է: ՀԱՊԿ-ն, ԵՏՄ-ն նման են լաբիրինթոսների, որոնց քարանձավային ոլորաններում վերջնականապես կորչում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը: Հետևեք Մեդվեդևի երևանյան այցի լրահոսին և կհամոզվեք, որ դրանում միայն կարգախոսային վերնագրեր են` առանց բովանդակության: Հար և նման` հայ-ռուսական այսօրվա հարաբերություններին:










































