Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողացել Ուկրաինայի միգրացիոն ծառայությունից փախստականի կարգավիճակ ստանալ, Կիևն իրավունք ունի նրան երկրից վտարելու: «112 Ուկրաինա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Նա հայտնել է, որ եթե նախկինում Սաակաշվիլին կարգավիճակ ուներ, որն անհնար էր դարձնում նրա արտաքսումը կամ արտահանձնումը, ապա հիմա միգրացիոն ծառայությունը պաշտոնապես մերժել է նրան փախստականի կարգավիճակ տալու հարցում:
«Հիմա նա չունի ոչ մի հատուկ հանգամանք, որը կարող էր անհնար դաձնել նրա արտահանձնումը կամ արտաքսումը, և միգրացիոն ծառայությունը դա գիտի»,- ասել է Լուցենկոն:
Նա հայտարարել է, որ Սաակաշվիլին «անցել է կարմիր գիծը» և պրովոկացիաներ է կազմակերպում իշխանության անձնական զավթման նպատակով:










































