Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկուշաբթի ստորագրել է օրենք՝ Լեհաստանի պաշտպանական ծախսերի աստիճանական մեծացման վերաբերյալ։ Օրենքով նախատեսվում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ նվազագույնը 2.5 տոկոսի և մեծացնել զինված ուժերի թվաքանակը՝ հասցնելով 200 հազարի։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»։
«Դա Լեհաստանի անվտանգության կառուցման մեր ծրագրի իրագործման կարևոր տարրն է… Մենք միանշանակ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է պաշտպանունակության ծախսերի ընդհանուր մեծացում, մեզ անհրաժեշտ են ավելի շատ միջոցներ՝ լեհական բանակի արդիականացման, վերակառուցման և թվաքանակի մեծացման համար»,-հայտարարել է Դուդան։
Նա նշել է, որ այդ օրենքը նախատեսում է ծախսերի աստիճանական մեծացում, հաջորդ տարի պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ 2 տոկոսը, 2021-ին՝ 2.1 տոկոսը, իսկ 2030 թվականին և հաջորդ տարիններին՝ առնվազն 2.5 տոկոսը։
Դուդան ընդգծել է, որ Լեհաստանը ցանկանում է ունենալ ուժեղ բանակ, որը երկրի համար որևէ սպառնալիքի դեպքում կարող է պատշաճ կերպով արձագանքել մարտահրավերներին և պաշտպանել լեհական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը։










































