«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:
– ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն՝ եթե ներկա ժողովրդագրական և միգրացիոն միտումները պահպանվեն, Հայաստանի բնակչությունը կշարունակի կրճատվել` մինչև 2035 թվականը հասնելով վատագույնը 2.5-2.6 միլիոնի, իսկ լավագույնը՝ 3.2 միլիոնի: Այս պարագայում որքանո՞վ է իրատեսական Սերժ Սարգսյանի սահմանած ցուցանիշին հասնելը: Այսինքն՝ միչև 2040 թ–ը 4 մլն բնակչություն ինչպե՞ս կարող ենք ունենալ:
– Դուք ձեր խոսքում ասացիք եթե, այսինքն՝ եթե-ն ենթադրում է, որ ամեն ինչ ընթանում է այն հունով, որով միշտ ընթացել է: Բանն այն է, որ նշված ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է շատ լուրջ ջանքեր գործադրել: Երևի թե բազմաթիվ նախագծեր պետք է լինեն, և ձեր հիշատակած բոլոր ուղղություններով ծնելիության աճի, կյանքի տևողության ավելացման, արտագաղթի նվազեցման և ներգաղթի խրախուսման համար:
– Մասսայական ներգաղթ պիտի լինի, որպեսզի այդ ցուցանիշին կարողանանք հասնել, նաև բնակչության բնական հավելաճ, բայց մենք տեսնում ենք, որ կան ուսումնասիրություններ, որոնցում նշվում է, որ 2025 թ–ին մահերի թիվը գերազանցելու է ծնելիության թվին:
– Նորից այդ ամեն ինչը եթե-ի պարագայում է, այսինքն՝ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես որ միշտ ընթացել է: Իհարկե, եթե ոչինչ չանես, ինքնահոսով այդ ամենը գնա, գուցե ձեր հիշատակած աղբյուրը լինի իրավացի: Բայց ամբողջ խնդիրը և նշաձողի հնչեցումն ու սահմանումը նրա համար է, որպեսզի համապատասխան կառույցները, ծառայությունները, մարմինները, բոլորը, որոնք կարող են ներգրավված լինել այդ գործընթացներում, վերանայեն իրենց մոտեցումները: Այսինքն՝ եթե աշխատել են միջին ձևով, աշխատեն ավելի լավ, եթե աշխատել են լավ, աշխատեն էլ ավելի լավ, ավելի մեծ ջանքեր գործադրվեն, որպեսզի արդյունքը լինի գոհացուցիչ բոլորիս համար: Մեկը մյուսին չհակասող բաներ են, եթե ամեն ինչ լիներ լավ և բոլորը գոհ լինեին այն վիճակից, որը որ տարիների, տասնամյակների ընթացքում ստեղծվել է, կարծում եմ, նման հայտարարությունների, կամ նշաձող սահմանելու անհրաժեշտություն չէր լինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































