«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները արտացոլում են հասարակության մեջ եղած արժեքները, մարդկանց պատկերացումներն ընտանիքի և հասարակական կյանքի մասին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
«Ես չեմ զարմանում, որ նման մեծ դիմադրություն կա բռնությունը պաշտպանելուն ուղղված։ Դա, ըստ էության, բռնության պաշտպանություն և քարոզչություն է, որովհետև մարդ պետք է շատ-շատ մեծ ջանքեր թափի, որ չնկատի, թե ինչ մեծ ծավալի բռնություն կա մեր հասարակության մեջ ու այդ բռնության աղբյուրը հայկական ընտանիքն է»,- ասաց նա։
Աղասի Թադևոսյանի խոսքերով՝ մենք տարիներ շարունակ փորձում ենք իդեալականացնել հայկական ընտանիքի բարքերը, բայց եթե ավելի իրատես ու օբյեկտիվ նայենք մեր ընտանիքներին, ապա դրանց զգալի մասը, հատկապես «ավանդական արժեքներ» կոչվածի մեջ ապրող ընտանիքները բռնության աղբյուր են։
«Դեռ մեծ հարց է, թե ում ավանդույթներն են դրանք, որքանով են դրանք հայկական։ Իրականում, դրանք մեր կյանք մտած բռնության ավանդույթներ են, որոնք հին են, գալիս են այն ժամանակաշրջանից, երբ աշխարհին, այդ թվում՝ հայերին բռնությունը բնորոշ երևույթ էր։ Պարզվում է, որ կյանքը փոխվել է, և մարդիկ կարող են հաղորդակցվել ոչ բռնի ձևերով, պարզվում է, որ ծնողները կարող են իրենց երեխաներին ոչ բռնի եղանակներով դաստիարակել։ Մերոնք, կարծեք թե, արդարացնում են այն, որ ծնողը կարող է երեխային հարված հասցնել, կամ տղամարդը կարող է թեթև ապտակ հասցնել կնոջը, եթե կինը սխալ է շարժվում։ Ամբողջ հարցն այն է, որ նման մտայնությունը մեզանում չափազանց տարածված է»,- ընդգծեց Թադևոսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե որքան է բռնությունը տարածված հայ դեռահասների ու երիտասարդների մեջ. «Ասենք, 10-15 հոգով կարող են ծեծել 1-2 հոգու։ Ու երբ նայում ենք, թե ովքեր են բռնություն կիրառողները, դրանց կարելի է տեղավորել «ազգային ավանդական» թևի մեջ, որոնք իբր թե թաղային, տղամարդկային ավանդույթն են շարունակում։ Օրինակ՝ բանգլադեշցի կամ մասիվցի ինչ-որ դեռահասներ վիճում են, հետո ոհմակ է հավաքվում, որը սարսափելի դաժանությամբ ծեծում է մյուս խմբին, հատկապես, եթե մյուս խումբը քիչ է ու նաև չի տիրապետում ոհմակային ապրելակերպին, որն անվանում ենք ազգային»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։











































