ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ում պաշտոնից ազատվելը ԶԼՄ-ները բազմիցս գուշակել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով, լրջորեն մտածել է հեռանալու մասին Սպիտակ տան ղեկավարի հետ բացահայտ վեճից հետո, ինչից հետո նա, իբր, Թրամփին «հիմար» է անվանել: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ այս ամառ Թիլերսոնը շատ մոտ է եղել պաշտոնանկության Թրամփի հետ կուտակված հակասություններից հետո: Թիլերսոնը շատ զայրացած է եղել, երբ նախագահը «Ամերիկայի բոյսկաուտներ» կազմակերպության անդամների առջև, որը մախկինում Թիլերսոնն է գլխավորել, հանդես է եկել շատ քաղաքականացված խոսքով:
Բացի դրանից՝ 3 տեղյակ աղբյուրների հղում անելով՝ հեռուստաալիքը հայնում է, որ Պենտագոնում նիստից հետո, որին ներկա են եղել կառավարության կաբինետի անդամները և ազգային անվտանգության հարցերով թիմի անդամները, Թիլերսոնն այնքան հիսաթափված է եղել արտաքին քաղաքականության հարցում Թրամփի դիրքորոշումից, որ հետո երկրի ղեկավարի բացակայությամբ գործընկերների հետ զրույցի ընթացքում նրան «հիմար» է անվանել:
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով Սպիտակ տան ղեկավարի շրջապատին մոտ աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Թիլերսոնից: Պարբերականի զրուցակիցները պնդել են, որ Թրամփը հաճախ է նյարդայնանում իր օգնականների, խորհրդատուների և կաբինետի անդամների գործողությունների պատճառով: Լրագրողների տեղեկությամբ՝ Թրամփը և Պետդեպի ղեկավարը համակարծիք չեն եղել, մասնավորապես, Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թիվը քննարկելիս, նաև Կատարի և Կուբայի շրջափակման հարցերում:
Հուլիսի վերջին CNN-ը գրել էր, որ Թիլերսոնը նախկինում էլ էր տարաձայնություններ ունեցել Թրամփի հետ, բայց վերջերս նրանց հակասությունները կտրուկ սրվել են:
NBC News-ի տեղեկությամբ՝ երբ Թիլերսոնը կտրուկ է արտահայտվել Թրամփի հասցեին, միայն ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին է հաջողվել Թիլերսոնին համոզել հրաժարվել պաշտոնից հեռանալու մտքից: Եկխոսության ընթացքում Փենսը Թիլերսոնին համոզել է աշխատել գոնե մինչև ընթացիկ տարվա վերջ:
Այս տեղեկությունը հաստատում է USA Today-ը:
NBC News-ի հրապարակումից կարճ ժամանկ անց Թիլերսոնը լրագրողների առաջ հայտարարեց, որ երբևէ չի մտածել պաշտոնից հեռանալու մասին:
Միաժամանակ, նա չմեկնաբանեց ԶԼՄ-ների տեղեկությունը, որ ինքը նախագահին «հիմար» է անվանել:









































