Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:
Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի 1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:
Եվրամիության մի շարք երկրների բանկոմատներում գումարների անվտանգության խախտման դեպքում՝ օրինակ՝ բանկոմատի վրա հարձակման ժամանակ, թղթադրամները կարող են ավտոմատ կերպով պատվել կարմիր ներկանյութով: Ահա թե ինչու՝ թղթադրամի՝ հատուկ կարմիր ներկանյութով պատված լինելը կարող է նշանակել, որ թղթադրամը գողոն է եղել, հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել…
Գործով կալանքի տակ են միայն Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, մնացած չորս ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Դատարանը նախ հրապարակեց «Ներքին դիտում» օպերատիվ գործողության ժամանակ «ՕՐՕ» դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի ու նրա շրջապատի խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունները:
Ձայնագրությունները հստակ չէին, դատավարության մասնակիցները դրանց հետևում էին իրենց մոտ եղած գրավոր տարբերակներով:
Դահլիճում ավելի շատ խշշոց էր լսվում, քան՝ հստակ բառեր:
Սամվել Բաբայանը գործի հետ առնչվող ոչ մի խոսակցություն չլսեց ու հայտարարեց. » Գործին չվերաբերող նյութեր եք հրապարակում… Ես պետք ա էս դահլիճից տուն գնամ»:
Փոքրիկ ընդմիջումից հետո դատարանը հետազոտեց նաև ամբաստանյալների ու գործով վկաների հեռախոսային գաղտնալսված խոսակցությունները՝ «Իգլայի» ձեռքբերման դրվագով:
Հիմնական խոսակիցներն էին ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ «Ժորան», վկա Հրաչյա Մայիլյանն ու հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: Կար նաև մի կարճ հատված Սամվել Բաբայանի ու Սանասար Գաբրիելյանի հեռախոսազրույցից, որի ժամանակ Սամվել Բաբայանը Սանասարին ասում է. «Կարա՞ս չխկցնես ու բերես ցույց տաս»:
Այս հատվածի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ամբողջական խոսակցությունը չկա, չի հասկացվում՝ ինքն ի՞նչ կոնտեքստում է ասում՝ չխկցնես ու բերես:
Դատարանը հաջորդ նիստի սկզբում համակարգչային մասնագետի օգնությամբ կհետազոտի՝ հիշյալ հեռախոսային խոսակցության սկիզբը ձայնագրվա՞ծ է, ինչի՞ մասին է խոսքը:
Ընդհանրապես՝ ներկայացված ոչ մի ձայնագրության մեջ խոսակիցները «Իգլա», զենք կամ նմանատիպ որևէ բառ չեն օգտագործում: Սակայն եթե մեղադրանքի կողմն այդ խոսակցությունները որպես ապացույց դրել է «Իգլայի» ձեռքբերման դրվագով առաջադրված մեղադրանքների հիմքում, ուրեմն՝ խոսակցությունների մեջ այլաբանական իմաստներ են նկատվել: Խոսակիցները 2017 թվականի մարտի սկզբից մոտ քսան օրվա ընթացքում օրը մի քանի անգամ միմյանց հետ խոսում են Վրաստանից բերվելիք տարբեր ապրանքների՝ «անուշ լիմոնադի», կոշիկների, «մատոռի», «այփադի», «սալյարկի դվիժենիի», վթարված «ԲՄՎ»-ի մասին:
Հընթացս մտքեր են արտահայտում ընտրությունների մասին, մասնավորապես՝ Հրաչյա Մայիլյանի խոսքերից. «Ստեղ 2,5 միլիոն դոլար էին բաժանում ընտրությունների համար, ասինք՝ վեկալենք ու գնանք…»: «Սաղ շտաբները ֆռռում ենք, փող տվող չկա… Եթե Ալիևն էլ փող տա, կվերցնենք, բայց Սերժ Սարգսյանին կընտրենք…»: «Ասեք՝ Հրանտիկի հետ ոտդ ոտիդ գցած նստել ես ու մեզ գցում ես կրակի բերան… Տենց կապիկություն մի արա, քո էրեսից 4 մանեթ տուժվում ենք…»:
Հրաչյա Մայիլյանի խոսքերից են նաև՝ «Էդ մարդն ասում էր՝ երկու հատ կա, գնա արխային փողերը վեր կալ…»:
Գումարային բանակցություններ կան՝ 40 –ից 38-ի իջնելու մասին. «Իջել են 38-ի, ասի՝ 38-ը չափանիշ չի… »:
Սանասար Գաբրիելյանն ասում է, թե արդեն յոթ ամիս է՝ զբաղվում են «դրանով»՝ «յոթ ամիս ա՝ ավարյա ենք տվել… Մեկն ասում ա՝ չորս սվեչա, մյուսը՝ վեց պորշին…»:
Հետո պարզվում է, որ մեկը կա՝ պահանջում է, որ ձեռք բերելիք ապրանքի մեջ ոչ թե մեկ, այլ երեք հատ լինի «դրանից»:
Հրաչյա Մայիլյանը դժգոհում է. «Զավադսկոն մի հատ ա, ի՞նչ երկու-երեք հատ… Գիրք գոյություն ունի, ինտերնետ, բացա, մեջը հատիկ-հատիկ գրած ա՝ ինչ ա ըլնում ինչի հետ… Չի ըլնին ո՞րն ա՝ պերեվոզկա ենք արել, ի՞նչ ստից խաղեր ա տալիս… Էտի մեծ ռազբորկի բազար ա… Թող դակազատ անի, որ երեք հատ ա… Իրա հոր էշը չենք… Լուբոյ մասնագետի մոտ գնանք՝ մի կամպլեկտի մեջ երեք հատ չի լինում…»:
Ռոբերտ Աղվանյանն ասում է. «Էն մոդելի տելեվիզոր, որը քեզ պետք ա՝ կարանք կազմակերպենք… Կարանք և թեման փակենք»: Հրաչյան պատասխանում է՝ փակելու չի…
Այնուհետև այլ ապրանքատեսակի են անցնում. «Կոշիկները վեկալենք, թող հիսուն դոլարը տա… Էդ մարդը հագնի՝ թե ոտով ըլնում ա՝ հիսունն էլ կտա… Թող ասի՝ մեզ ինչքան ա ընկնում՝ քսանհինգ-քսանհինգ՝ իմ ու քո հասանելիքը…»:
Հնչում են նաև դժգոհություններ ստացվելիք ապրանքի վերաբերյալ. «Էն տակինը որ չկա, դրա վրա չարժի աշխատել»: «38 մանեթ ա գինը, էտի 10-ով էլ չարժի, բատարեն էլ նստած ա…»: «Էդ մատոռը էդ խփած ավտոյի վրա դնել չի ըլնի, ձև չկա…»: «Էթանք էն մեր Առաջինի մոտ, չըլնող բան չկա՝ մեզ բարի խաղարկություն… Եթե ձեռ ենք տվել, պիտի խաղ անենք, բայց շառլատանություն, մյուս-մյուս՝ տենց խաղեր չի ըլնում…»:
Մեղադրանքի կողմը մեղադրանքը հիմնավորելիս հավանաբար կմանրամասնի, թե ամբաստանյալների հիշատակած որ ապրանքն ինչ այլաբանական իմաստ է ունեցել, որ նշված խոսակցություններին գործով ապացույցի նշանակություն է տրվել:
Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտման փուլն ու անցավ ամբաստանյալների հարցաքննության փուլին:
Նախ կհարցաքննվեն «կարմիր եվրոների լվացման» դրվագով ամբաստանյալները՝ Քոչարյան եղբայրները, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը:
Պարզվեց՝ նրանցից ոչ ոք այս նիստին պատրաստ չէր ցուցմունք տալու:
Փողերի լվացման դրվագով ամբաստանյալների հարցաքննությանը դատարանը կանցնի հաջորդ նիստին:









































