Հայ եկեղեցին նշում է Սբ. Գևորգի և Վարագա Սբ. խաչի տոնը:
Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անասելի չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, նրանց թվում` նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են երկու բաժակ թույն պատրաստել՝ սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
Նահատակվելուց առաջ, երբ Ս. Գևորգ զորավարն աղոթում էր առ Աստված, հանկարծ ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Ով քո անունով որևէ բան խնդրի՝ կկատարեմ, իսկ դու եկ և վայելիր հավերժական ուրախությունը, որ պատրաստեցիր ինքդ քեզ համար, քո իսկ ճգնությամբ: Ես տալիս եմ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և ախտաժետների վրա: Քո անունով դևեր կհալածվեն, կբժշկվեն հիվանդները, իսկ ովքեր տոնեն ու կատարեն քա նահատակության հիշատակը, ես կօգնեմ նրանց, որ ազատվեն նեղությունից, նրանց կփրկեմ բոլոր վտանգներից և փորձանքներից և դուրս կբերեմ բոլոր չար պատահարներից»:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասավ սուրբ կույս Հռիփսիմեին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Սուրբ կույսն իր պարանոցից մշտապես կախած էր պահում այդ սուրբ մասունքը, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր և կրոնավորում էր Հռոմի Սուրբ Պողոս հռչակավոր վանքի կուսանոցում, որի մայրապետն էր սուրբ Գայանեն, ով շուրջ երեք հարյուր կույսերի դաստիարակում էր Աստծու երկյուղով:
Այդ ժամանակներում էր, երբ Դիոկղետիանոս կայսրը կամեցավ իրեն կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա հրաժարվելով՝ յոթանասուն կույսերի հետ, քահանաներով հանդերձ, փախավ Եգիպտոս, ապա՝ այնտեղից Երուսաղեմ, որտեղ նրանք այցելեցին Քրիստոսի տնօրինական վայրերը և սուրբ Աստվածամոր գերեզմանի վրա աղոթելիս հրաման ստացան գնալ Թադեոս առաքյալի վիճակը: Հնազանդվելով հրամանին՝ նրանք գնացին Եդեսիա, ուր գտնվում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիայում, իսկ մյուսները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Արարատ: Ովքեր մնացին Եդեսիայում, հետագայում սպանվեցին Դիոկղետիանոսի հրամանով:
Սուրբ Գայանեի խումբը, շրջելով Հայաստանի գավառներում, սուրբ մասունքի միջոցով ամենուր մեծամեծ նշաններ էր գործում: Նրանք մաքրում էին ախտացյալ ջրերը, հալածում դևերին, բժշկում հիվանդներին: Սուրբ Գայանեն և իր խումբը մի որոշ ժամանակ հանգրվանեցին Հոգյաց վանքում, ուր գտնվում էր ամենօրհնյալ սուրբ Կույսի պատկերը: Հետո գնացին Վարագա լեռը և հաստատվեցին այնտեղ: Լեռան գագաթին, որը կոչվում է Գալիլիա, ամփոփեցին սուրբ Նշանը, որպես մեծ պարգև՝ թողնելով Հայաստան աշխարհին: Եվ դա իրենց կամքով չարեցին, այլ՝ Աստծու նախախնամությամբ: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, երեք քահանաներով և քառասուն կույսերով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ, որտեղ և նահատակվեցին: Իսկ նրանք, ովքեր մնացին Վարագա լեռան վրա, և որոնցից երկուսը քահանաներ էին, քաջալերվելով սուրբ Գրիգորի՝ Վիրապից ելնելուց հետո իրենց կատարած այցելությունից, այդտեղ եկեղեցի հաստատեցին, որը հետագայում տեղի խստաշունչ եղանակի պատճառով անբնակ մնաց:
Հայոց աշխարհում գիտեին, որ Վարագա լեռան վրա է պահված սուրբ Նշանը, բայց մինչև իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկ Ռշտունու և Ներսես Շինող կաթողիկոսի հայրապետության ժամանակները չէին կարողանում գտնել այն: 653 թ. Թոդիկ անունով մի կրոնավոր, իր սրբասեր աշակերտի՝ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագա լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել էին սուրբ կույսերը: Նրանց իղձն էր գտնել սուրբ մասունքը: Երկար ճգնությունից հետո ավելի է բորբոքվում նրանց սիրտը Քրիստոսի սիրով և սուրբ Նշանի փափագով: Եվ ճգնավորներն էլ ավելի են խստացնում իրենց ճգնությունը և տասներկու օր շարունակվող ծոմապահությամբ հայցում Տիրոջից՝ տեսնել իրենց փափագածը: Եվ մարդասերն Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսում է նրանց և գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայնով նրանց նշան տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը և այնտեղ տեսնում պայծառ լույս: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը: Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը, առավել քան արեգակի լույսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:








































