Չեխական մամուլը հայտնում է, որ Չեխիայի հատուկ ծառայությունը ստուգումներ է սկսել Ադրբեջանում հայտնված չեխական սպառազինության հարցով՝ պարզելու համար, թե ինչպես է այն հայտնվել Բաքվում: Բաքուն այդ սպառազինությունը ցուցադրել է շաբաթներ առաջ՝ զորավարժությունից կադրեր հրապարակելով: Թե հատկապես երբ է Ադրբեջանի տրամադրության տակ հայտնվել չեխական սպառազինությունը՝ դժվար է ասել, դա պարզ չէ, և պարզ չէ, թե հատկապես որտեղից: Բայց Ադրբեջանի հրապարակած լուսանկարները Հայաստանում դարձան առիթ, որպեսզի ծավալվի հակաեվրոպական և հակաՆԱՏՕ-ական քարոզչության ալիք, քանի որ Չեխիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետություն է:
Թեև չեխական ցուցադրված սպառազինությունն իր, այսպես ասած, մահաբերության աստիճանով և ծավալներով բացարձակապես համեմատելի չէ Ադրբեջանին Հայաստանի ռազմավարական «դաշնակցի» մատակարարած մահաբեր սպառազինության ծավալի հետ, ու թեև Չեխիան Հայաստանի դաշնակիցը չէ, այդուհանդերձ՝ դա չխանգարեց հակաքարոզչության ծավալմանը և դրանով մի կողմից՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Հայաստանի հանրության աչքում վարկաբեկելու փորձին, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինության մատակարարման համար Մոսկվայի պատասխանատվությունն, այսպես ասած, լղոզելու փորձին:
Բայց, ինչպես երևում է, բումերանգը շրջվում է: Չեխիան քննություն է իրականացնում Ադրբեջանին սպառազինության մատակարարման կամ, ավելի շուտ, չեխական սպառազինությունն Ադրբեջանում հայտնվելու կապակցությամբ: Իսկ դա չի բացառում, որ Եվրամիությունում ծագի «խավիարային» հերթական սկանդալը՝ բացահայտելով ադրբեջանական իշխանության եվրոպական «քաղաքականության» կոռուպցիոն նոր սխեմաների առկայությունը:
Այլ կերպ ասած, Բաքվի քայլը՝ ուղղված Հայաստանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին հասարակական-քաղաքական հարվածի տակ դնելուն, որն անմիջապես որսաց և սկսեց օգտագործել նաև ռուսական քարոզչությունը, մեծ հավանականությամբ կարող է շրջվել հենց Բաքվի դեմ: Ընդ որում, պետք չէ բացառել նաև բացահայտումներում ռուսական հետքի առկայությունը՝ հաշվի առնելով այն, որ, օրինակ, բոլորովին վերջերս բրիտանական մամուլից ծագած ադրբեջանական հերթական կոռուպցիոն սկանդալում առկա էր արդեն նաև ռուսական ռազմարդյունաբերական հսկաներից մեկի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի անունը:
Միևնույն ժամանակ ստացվում է ուշագրավ պատկեր, ինչը կարող է դառնալ նաև միջազգային քաղաքական ասպարեզում ծավալվող հետաքրքրական նախադեպ: Բանն այն է, որ Չեխիան գործնականում երկրորդ պետությունն է, որ հետաքննություն է իրականացնում Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցի հետ կապված: Առաջինն Իսրայելն էր՝ անօդաչուների հայտնի պատմությունից սկսած: Երկու հետաքննությունների բովանդակությունը և շարժառիթներն իհարկե տարբեր են, սակայն ուշագրավ է, որ արդեն երկու պետություն հետաքննում է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հետ կապված, այսպես ասած, աղմկոտ պատմություն: Դա կարող է դառնալ ուշագրավ նախադեպ, և հայկական դիվանագիտությունն անշուշտ պետք է փորձի իրավիճակը, այսպես ասած, վերածել միջազգային թրենդի: Առավել ևս, որ դա կարող է լինել նաև հայկական դիվանագիտության առայժմ ոչ պաշտոնական մակարդակով հրապարակ նետված գաղափարի՝ զենքի վաճառքի տոտալ արգելանք սահմանել Արցախյան հակամարտության բոլոր կողմերի նկատմամբ:
Այդ իմաստով, Չեխիայի և Իսրայելի հետաքննությունները անուղղակի, ակամա, բայց քայլ են հայկական գաղափարի ուղղությամբ, որը պետք է զարգացնել:









































