Մեր հասարակությունը գտնվում է երկու ծայրահեղ բևեռներում. մեկը ծայրահեղ հուսահատության մեջ է, մյուսը պատրաստ է պայքարի և փոփոխությունների։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ նրանք, ովքե չեն ցանկանում պայքարել, հուսահատված են, իրենց էլ կարելի է հասկանալ.«Միաժամանակ ոչ մեկը չի ասել, որ պետք չէ պայքարել, մեզ պետք չեն փոփոխություններ։ Խոսքը ոչ թե փոքր փոփոխությունների մասին է, այլ համակարգային փոփոխությունների»։
Դիտարկմանը, որ «Երկիր Ծիրանին» համահայկական ընդվզման օր է հայտարարել, շրջում են մարզերում, Շիրակում, Լոռիում, արդյոք ընկալելի՞ է մարդկանց իրենց ծրագրերը և կա՞ գործողությունների հստակ ծրագիր ու օրակարգ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, և ծրագիր ունենք, և օրակարգի մասին ենք մտածում, որոնք պետք է ընդունվեն։ Հաջորդ քայլը լինելու է գլոբալ համահայկական համաժողովը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Մենք շուրջ 1,5 մլն քաղաքացիներ ունենք, որոնք գտնվում են արտասահմանում և չեն կարող մասնակցել հայաստանյան քաղաքական կյանքին։ Նրանք են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ազատ են և կարող են ազատորեն իրենց քաղաքական կամքն արտահայտել։ Իհարկե, պետք է լինեն պատվիրակներ գլոբալ համահայկական համաժողովի համար, որը նաև իր միջից պետք է ընտրի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք պետք է իրականացնեն առաջին փուլը, որը ազատ, անկախ, հավասար պայմաններում ԱԺ և կառավարություն ձևավորելու նախապատրաստական փուլ է լինելու։ Եվ մեր պատգամավորները, և հասարակությունը պնդում են, որ այսօր Հայաստանում չի գործում սահմանադրական կարգը և այն, ինչ տեղի է ունեցել 25 տարիների ընթացքում, այն, ինչն ընդունվել է որպես Սահմանադրություն, չի գործում, և կեղծիքով է հրամցվել հանրությանը։ Մենք դա չենք ընդունում, և ասում ենք, որ պետք է լինեն մի քանի սահմանադիր օրենքներ, որոնք պետք է ապահովեն անցումը դեպի ժողովրդավար հանրապետություն»։
Ինչ վերաբերում է ժամկետներին, Փոստանջյանը նշեց, որ ունեն և և կարճաժամկետ ծրագիր, և երկարաժամկետ. «Միանշանակ է, որ այս տարվա ընթացքում պետք է առնվազն իրականություն դարձնենք համահայկական ընդվզման օրը և նաև պատվիրակների ընտրությունը, որպեսզի կարողանանք հրավիրել գլոբալ համահայկական ժողովը, որի միջոցով պետք է ժամանակավոր կառավարության ընտրությունը կատարենք»։
Նա ընդգծեց, որ իրենք իրականացնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագիրը, որը տարածվում է ոչ միայն Երևանում, այլ ողջ աշխարհով մեկ, և վերաբերում է ողջ հայությանը. «Ինչ վերաբերում է Երևանի խնդիրներին, ապա քաղաքը կարելի է ասել Հայաստանի կեսն է և տնտեսական առումով, և բնակչության, հետևաբար, մենք ընդգրկում ենք ողջ հայության խնդիրները և հնարավոր բոլոր տարածքները։ Երևանի բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, այդ թվում հանցագործ Տարոն Մարգարյանն է մեր ուշադրության կենտրոնում։ Մենք արդեն նրան դատի ենք տվել և նրան որպես հանցագործ էլ ճանաչում ենք քաղաքի կառավարման և բյուջեի չարաշահման հետ կապված»։











































