2010-ին բժիշկները դերասան Մայքլ Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել: Այժմ, սակայն, հայտնի է դարձել, որ իրականում ուռուցքը վնասել է դերասանի լեզուն:
The Morning Show հաղորդման ժամանակ Դուգլասն իր գործընկեր Սեմուել Լ. Ջեքսոնի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է, թե ինչու է ստել իր հիվանդության վերաբերյալ, հաղորդում է Hello!-ն:
«Դա «Ուոլ Սթրիթ: Փողերը չեն քնում» ֆիլմի նկարահանումների ժամանակ էր: Չէր կարելի թույլ տալ, որպեսզի այն ընդհատվեր: Չնայած ես պատրաստ էի խոստովանել, թե ինչպիսի ախտորոշում են ինձ տվել, իմ բժիշկն ինձ խորհուրդ տվեց լրագրողներին ասել, որ ինձ մոտ կոկորդի քաղցկեղ է: Բժիշկը դա բացատրել է նրանով, որ վիրահատության դեպքում դերասանի դեմքը կարող էր վատ տեսք ունենալ. «Ստիպված կլինենք հեռացնել ծնոտի և լեզվի մի մասը»: «Եվ ես համաձայնեցի»,- ասել է դերասանը:
Դուգլասն ասել է, որ ծանր է տարել հիվանդության փաստը: Նա իրեն հատկապես վատ է զգացել, երբ իմացել է դրա լրջության մասին:
Այժմ վտանգն անցել է, և դերասանն իրեն լավ է զգում:














































