Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը հայտարարել է Թեհրանում 2005թ.-ից ամեն տարի գումարվող հակաիսրայելական համաժողովի չեղյալ հայտարարման մասին՝ հաղորդում է Associated Press-ը:
Իրանի ղեկավարությունը հասկացնել է տվել, որ համաժողովը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ չի համապատասխանում նոր իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությանը, որոնք փորձում են նորմալ փոխհարաբերության ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ:
Իրանցի պահպանողականները դատապարտել են Ռուհանիի այս որոշումը՝ համաժողովի չեղյալ հայտարարումն անվանելով «աղետ» և «հսկայական սխալ»: Միջոցառման կազմակերպիչները միևնույն ժամանակ ընդգծում են, որ «Նոր հորիզոններ» համաժողովը խոշորագույն հակասիոնիստական միջոցառում էր, որի չեղյալ հայտարարումը բացասաբար կազդի հակաիսրայելական շարժման վրա:
2013թ. համաժողովին պատրաստվում էին մասնակցել 63 արտասահմանցի հյուրեր և 50 իրանցիներ: Այդ մարդկանց հրավերք է ուղարկվել մայիսին, երբ պետության ղեկավարը Մահմուդ Ահմադինեժադն էր:
Իսրայելի արձագանքի մասին չի հաղորդվում:










































