Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է Իրաքի հյուսիսում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ռազմական օպերացիաների անցկացման մանդատը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Մանդատի երկարաձգման հարցը հավանության են արժանացրել իշխող «Արդարություն և զարգացում», Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, մինչդեռ փոքրաթիվ ընդդիմադիր «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը դեմ է քվեարկել:
Թուրքիայի խորհրդարանն ամեն տարի՝ սկսած 2007 թվականից, կառավարությանն է տալիս Իրաքի հյուսիսում ռազմական օպերացիաներ անցկացնելու մանդատ: Մանդատը կառավարությանը թույլ է տալիս զորքեր ուղարկել Իրաքի հյուսիս՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:












































