Շուրջ երեք տարի է` Հայաստանի ներքին լարված իրադրության հաղթահարման երեք ճանապարհ կա` մեկը ռեպրեսիաների միջոցով, քաղաքացիների ազատությունների սահմանափակումով ցանկացած այլախոհություն, այլակարծություն դրսևորման հնարավորությունից զրկելն է, մյուսը` վարվող քաղաքականության միջոցով հասարակական դժգոհությունը մեղմելը, հնարավորինս չեզոքացնելը: Այսօր Հայաստանում կարելի է շատերից լսել այդ բանաձևը` որպես իրավիճակի հաղթահարման երկու ճանապարհ, երբ երրորդը ոչ միայն բացառվում է, ոչ միայն ավելորդ է, այլ կարծես թե ընդհանրապես չկա: Իրականում, սակայն, այդ տեսակետը փոքր-ինչ չափազանցված է:
Ներկայիս իրավիճակից դուրս գալու ընդամենը մեկ ելք կա, քանի որ քաղաքացիական ազատությունների սահանափակումն ամենևին էլ ելք չէ, որին կարող է դիմել իշխանությունը: Մարդիկ միգուցե ցույցեր չանեն, միգուցե երթեր չանեն, միգուցե մի օր հնարավոր լինի փակել բոլոր այն լրատվամիջոցները, որոնք, իշխանականից բացի, այլ կարծիք ու տեղեկություն են տարածում: Այդ ամենը միանգամայն հնարավոր է, թեև շատ դժվար պատկերացնելի, եթե մարդը քիչ թե շատ ադեկվատ է 21-րդ դարին: Բայց ահա մարդկանց արգելել մտածել` ուղղակի անհնար է թե գործնականում, թե նույնիսկ տեսականորեն:
Իսկ եթե մարդը մտածեց, ապա միտքը վաղ թե ուշ ինչ-որ բան ծնելու է, ինչ-որ մարմին է առնելու, ինչ-որ ձև է ստանալու, հետո ձևը դառնալու է ինչ-որ բովանդակություն, իսկ բովանդակության դեմ անբովանդակ պայքարը, ինչպիսին որ հանդիսանում է ռեպրեսիան, ժամանակավոր էֆեկտ գուցե և կտա, բայց ինքնին անարդյունավետ է ու երկարաժամկետ առումով կարող է կանգնեցնել շատ ավելի անցանկալի հեռանկարի առաջ:
Թվում է, որ այդ պարզ իրողությունը, ի տարբերություն իշխանամերձ, կամ ոչ այնքան, քաղաքական գործիչների, որոնք իրավիճակի մասին իրենց գնահատականներով ու առաջարկներով առավելապես լուծում են սեփական գոյության նյութական իմաստավորման հարցը, իշխանությունը պետք է որ ավելի վաղ և ավելի հստակ պատկերացնի ու գիտակցի: Ասում են, որ էքստրեմալ իրավիճակներում մարդու զգայարանները աշխատում են առավելագույն հնարավորության չափով և անգամ անում են անհնարինը: Դժբախտաբար, մեր իշխանության մոտ կարծես թե ոչ բոլոր զգայարաններն են անում հնարավորն ու անհնարը:
Խնդիրն այստեղ հասարակությունն է: Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին երեք տարիներին, չհասկանալ, որ Հայաստանում խնդիրն ամենևին հացը, պիցցան, քաբաբը չէ, ինչպես կարծում են այդ իշխանական փոքր ու միջին գործիչները` անկասկած խոշորների լուռ հովանավորությամբ: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ մարդիկ հաց չէ, որ որոնում են, այլ արդարություն և օրինականություն, ու դրա համար նրանք պատրաստ են իրենց ձեռքի «գործիք» դարձնել յուրաքանչյուրին:
Դրա համար մթի, ցրտի ու սովի ուրվականներով հեռուստաեթերը լցնելու ու հանրությանը վախեցնելու փորձերը մատնվեցին կատարյալ անհաջողության, որովհետև մարդկանց մութն ու ցուրտը չի սարսափեցնում, այլ այն, որ իրենց կամ իրենց զավակին էլ մի օր կարող է ինչ-որ մի գեներալի որդի ծեծելով սպանել, և ոչ ոք պատասխան չի տա դրա համար: Քանի դեռ իշխանությունը չի հասկացել այդ պարզ իրողությունը, քանի դեռ Հայաստանի բնակչության մեջ չի տեսել քաղաքացուն, այլ նկատել է միայն սպառողին, անկարող է լինելու դուրս գալ փակուղային վիճակից: Եվ նաև, երևի թե շատ կարևոր է, որ իշխանությունը հասկանա ևս մի բան` սարսափելին իշխանություն կորցնելու վտանգը չէ, այլ այն, որ չես պատկերացնում քեզ առանց իշխանության:
Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի









































