Այսօր Վանաձորի դատարանում նշանակված` Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը երրորդ անգամ հետաձգվեց: Դատական նիստին ներկայացել էին մեղադրյալներ Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները, նրանց շահերի պաշտպան, փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Մհեր Դավթյանը: Մեղադրանքը պաշտպանելու համար դատարան էր եկել Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Գրիգորյանը, որի դեմ նախորդ նիստին փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկ էր ներկայացրել` նախաքննության փուլում դատավարության նորմերը խախտելու հիմքով:
Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ, հանգուցյալի այրի Սաթենիկ Սարգսյանն, ու նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Սաթենիկ Սարգսյանն անհայտ պատճառով չէր ներկայացել դատարան` չնայած պատշաճ ծանուցված էր դատական նիստի տեղի և ժամանակի մասին: Իսկ Արթուր Սաքունցը դիմում էր մուտքագրել դատարանի գրասենյակ` նշելով, թե ինչ-որ միջազգային կազմակերպության հետ հանդիպման է և խնդրում է հետաձգել գործի քննությունը:
Դատավոր Նարինե Հովակիմյանը ճշտեց կողմերի դիրքորոշումը տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի բացակայության պայմաններում գործի քննությունը հետաձգելու կապակցությամբ: Մեղադրող դատախազն ինքն էլ շահագրգիռ թվաց դատական նիստը հետաձգելու մեջ: «Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, գործի բարդությունը՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել, վերանշանակել տուժողի և նրա ներկայացուցչի մասնակցությամբ»,- ասաց դատախազ Աշոտ Գրիգորյանը:
Մինչդեռ պաշտպանական կողմը խիստ վրդովմունքով արձագանքեց դատական բոլոր կողմերի համաձայնությամբ նիստի համար նշանակված օրը տուժողի` դատարան չներկայանալու փաստին: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ նիստի օրը նշանակելիս առանց այն էլ զիջումներ արվեցին՝ նույն Սաքունցի գրաֆիկին հարմարեցնելու համար: «Ես լավ հիշում եմ, որ նախորդ դատական նիստը հետաձգելուց առաջ դատարանը փորձեց կողմերի հետ հարմար օր համաձայնեցնել: Պարոն Սաքունցին երկու օր հարմար չէր, ամսի 10-ը հարմարեցրինք իր գրաֆիկի հետ: Չեմ կարող ասել` հարգելի է, թե անհարգելի է, բայց համաձայնեցրինք: Եվ արդյունքում ի՞նչ է ստացվում` չի գալիս: Լավ կլինի դատարանը զգուշացնի, որ հաջորդ համաձայնեցված օրերին ներկայանա»,- դատարանին դիմեց Ռուբեն Հակոբյանը:
Դատավոր Նարինե Հովակիմյանը համաձայնեց փաստաբանի հետ` ավելացնելով. «Պարոն Սաքունցի բացակայության հետ կապված` իհարկե ճիշտ եք ասում. պարոն Սաքունցը նաև կարծես թե հայտնեց, որ Ղարաբաղ է մեկնելու, իր զբաղվածության մասին այդպես հայտնեց: Նշանակեցինք այնպիսի օր, որը հարմար էր դատավարության բոլոր մասնակիցներին»,- հիշեցրեց դատավոր Հովակիմյանը: Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Սաքունցի հետ չի ներկայացել նաև տուժողի իրավահաջորդը՝ որոշեց գործի քննությունը հետաձգել, վերանշանակել հոկտեմբերի 22-ին` ժամը 11.00-ին:
Մինչ նիստը փակվելը փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանին խնդրեց տրամադրել նախորդ նիստերի արձանագրությունների համառոտագրությունը, քանի որ նիստերի քարտուղարի արագ ընթերցելու պատճառով պաշտպանական կողմը չի հասցնում արձանագրել դատարան ներկայացած և չներկայացած վկաների անունները և չներկայանալու պատճառաբանությունները:
Այս նիստին նույնպես դատակոչված վկաներից միայն 3-ն էին եկել` Ջիվան Չիլինգարյանը, Արեն Մերաբյանը, Արմեն Վիրաբյանը: Մյուս վկաները չէին ներկայացել` դարձյալ դատարանին անհայտ պատճառով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Հակոբյանը, մեկնաբանելով վկաների բացակայությունը, նշեց. «Խուսափում են ներկայանալ դատական նիստին: Բայց պաշտպանական կողմը հասնելու է նրան, որ բոլոր վկաներն անխտիր ներկայանան, և այն ցուցմունքները, որ տվել են նախաքննության ընթացքում, գան և դատարանում պարզաբանեն, թե ինչու են այդպիսի ցուցմունքներ տվել»,- ասաց փաստաբանը: Սաքունցի բացակայության մասին էլ ավելացրեց. «Ցավոք սրտի, մենք հենց տուժողի ներկայացուցչի հետ համաձայնեցրեցինք հարմար օր, որ դատական նիստը բնականոն հունով ընթանա: Չեմ կարող գնահատել, թե այդ ինչ կարևոր հանդիպում էր, որը տուժողի ներկայացուցիչը ավելի վեր դասեց, քան իր վստահորդի շահերի ներկայացումը այս գործի ընթացքում»:
Փաստաբանը կրկնեց, որ իր պաշտպանյալներ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը պայքարում են արդարանալու համար, և հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները նրանց չեն ընկճելու: «Պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի արդարությունը հաղթի, և ամբողջ հանրությունը իմանա, թե իրականում այդ օրը ինչ է տեղի ունեցել, ով է մեղավոր դրանում և ինչ աստիճանի մեղք ունի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Շարբաթյանի գործով հանրային հնչեղություն ստացած դատավարությանը մեծ թվով վանաձորցիներ են հետևում: Նախորդ դատական նիստից հետո լրատվամիջոցներից մեկը դիմել էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ղեկավարությանը, թե ուսումնական պարապմունքի ժամերին ուսանողներն այս գործով դատարան են գալիս: Դրանից հետո, չնայած այսօրվա նիստը նշանակված էր ժամը 14.00-ին, ոչ ուսումնական պարապմունքի ժամի, բայց այլևս ոչ մի ուսանող չկար: Ենթադրվում է, որ այդ լրատվամիջոցի «ջանքերով» ղեկավարության կողմից ընդհանրապես արգելվել է ուսանողների ներկայությունն այս դատավարությանը: Չնայած դրան և այս գործով նիստերի արդեն մշտական դարձող հետաձգումներին` դատարանի ամբողջ բակն ու շենքն այս գործով նիստերի օրերին շարունակում են լեփ-լեցուն մնալ: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել դատարանի բակում կանգնածներից մի քանիսի վերաբերմունքը գործով անցնող մեղադրյալների և նրանց անվան հետ կապվող դեպքի առնչությամբ:
Մանրամասները` տեսանյութում:







































