Հոկտեմբերի 9-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեսպանը նախ հանդիպում է ունեցել Արտաքին եւ Եվրոպայի գործերի նախարարությունում, ուր տարածքային վարչության պետ Բրանիսլավ Հիտկայի հետ քննարկվել են հայ-սլովակական հարաբերություններին առնչվող, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային խնդիրներ:
Այնուհետեւ դեսպան Սեյրանյանին ընդունել է Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Պաշկան: Հանդիպման սկզբում Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի օրենսդիրի ղեկավարին` Ազգային խորհրդի 2004թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության եւ 2009թ. ընդունած ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի համար: Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան եւ երկկողմ հարաբերությունների ընթացքը: Երկուստեք շեշտվեց միջխորհրդարանական գործակցության զարգացման եւ բարձր մակարդակով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը:
Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրել է հայ-սլովակական հարաբերությունների ներկա վիճակը, Պրահայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Քննարկվել են նաեւ հայ համայնքին առնչվող հարցեր:







































