«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման բաժնի պետ Արման Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանում առողջության ապահովագրության մասին, ասաց, որ դեռևս 15 տարի առաջ Հայաստանում կար առողջության ապահովագրություն, սակայն դրանց ծավալները փոքր էին: Սկսած 2012 թվականից՝ առողջության ապահովագրության գործընթացը սկսել է մեծ թափով աճել: Սրան նպաստել է նաև կառավարության ծրագիրը՝ ապահովագրել պետական ծառայողներին:
Եթե մինչև 2012 թվականը ապահովագրված էր մինչև 32 հազար անձ, ապա 2012 թվականից հետո այդ թիվը հասել է 150 հազարի:
Ըստ բանախոսի՝ ապահովագրական գործունեությունը ռիսկի կառավարում է՝ ստանալով որոշակի եկամուտ. «Սկզբունքը հետևյալն է՝ առողջները վճարում են հիվանդների համար: Ապահովագրությունը քաղաքացուն տալիս է ապահովության զգացում, ցանկացած պահի մարդը կարող է հանգիստ լինել իր բժշկական ծախսերի համար»:
Խոսելով «Սիլ Ինշուրանսի» մասին՝ նա ասաց, որ այս կազմակերպությունում ապահովագրված անձը ցանկացած լիցենզավորված հիմնարկում կարող է բուժում ստանալ՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում:
Նրա հավաստմամբ՝ մեկ-երկու տարի հետո Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրություն, և բնակչության մեծ մասը ձեռք կբերի բժշկական ապահովագրություն:
Ինչ վերաբերում է թերություններին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բացակայում են բժշկական ուղեցույցները՝ ապահովագրված անձանց հետ աշխատելու համար:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ապահովագրության գծով աշխատանքների բաժնի վարիչ Գայանե Ղազարյանն էլ հավելեց, որ իրենք ապահովագրական ընկերության միջոցով տեղեկանում են, որ իրենց մոտ հիվանդ է ուղարկվելու, եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նա ստանում է մասնագիտացված խորհրդատվություն, այնուհետև՝ բուժում: Բուժման մեջ մտնում են թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Կան հիվանդներ, որոնք ունեն բազային փաթեթ, որի դեպքում անցնում են սահմանափակ բուժզննում:









































