ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է 8-օրյա արձակուրդում, որից կվերադառնա հոկտեմբերի 16-ին: Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»–ի հարցի՝ հայտնել է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ վերջերս Դատական կարգադրիչների ծառայության համակարգում բացահայտվել էին պետական բյուջեից աշխատավարձերի հափշտակության համատարած դեպքեր, կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ հայտնվել էին արգելանքի տակ՝ մեղադրյալների կարգավիճակում, որպես կասկածյալ հարցաքննվել էր նաև Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2013թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ (Դատարանների նախագահների խորհուրդն ի պաշտոնե գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը) ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Միսակ Մարտիրոսյանն, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ և քննիչը որոշում էր կայացրել նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:











































