Լիբիայի կառավարությունն արտահերթ նիստ է անցկացնում երկրի վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալության մասին տեղեկատվության կապակցությամբ: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին հաղորդել է Լիբիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Քաաբարը:
«Կառավարությունն արտահերթ նիստ է անցկացնում: Երբ ինչ-որ բան պարզվի, հայտարարություն կարվի մամուլի համար: Առայժմ մենք հստակ ոչինչ չգիտենք՝ բացի այն, որ Զեյդանին դուրս են բերել Տրիպոլիի իր նստավայրից»,- հայտարարել է Քաաբարը:
Նա նաև չի կարողացել հաստատել կամ հերքել վարչապետին ձերբակալելու մասին տեղեկատվությունը գլխավոր դատախազության կարգադրությամբ:
Այսօր վաղ առավոտյան Լիբիայի վարչապետին դուրս են բերել իր նստավայրից և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ վարչապետին ձերբակալելու հրաման է տվել երկրի գլխավոր դատախազությունը՝ պետական անվտանգության հետ կապված մեղադրանքով:










































