Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի՝ արտահանձնման վերաբերյալ համաձայնագրին, որ ամիսներ առաջ ստորագրել էին Հայաստանն ու Եվրամիությունը: Այս քայլը նշանակալից քայլ է հայ-եվրոպական հարաբերություններում, և կարելի է այն դիտարկել որպես Հայաստանի հանդեպ Բրյուսելի, այսպես ասած, բարյացակամ ժեստ սեպտեմբերի 3-ից հետո:
Եվրամիությունը փաստացի փորձում է գործնականում դրսևորել Հայաստանի հետ հարաբերությունը շարունակելու պատրաստակամություն, իսկ այդ գործում շատ կարևոր էր վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը: Այն կարևոր է ոչ միայն իբրև հայ-եվրոպական հարաբերությունների իրավական սերտացման նոր բաղադրիչ: Այստեղ խնդիրը անկասկած շատ ավելի խորն է: Ըստ էության, վիզային ռեժիմի դյուրացումով Եվրամիությունը ինչ-որ առումով ապակենտրոնացնում է Հայաստանի հետ հարաբերությունները, այսպես ասած` բաժանում է ծանրության կենտրոնը:
Ի՞նչ է նշանակում ավելի դյուրին վիզային ռեժիմ: Սա, իհարկե, ազատ ռեժիմը չէ, սակայն անկասկած է, որ սրանով Հայաստանի ավելի շատ քաղաքացիների համար է հնարավորություն բացվում մեկնել Եվրոպա: Իսկ այդ հանգամանքը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ ավելանում է Հայաստանի հասարակության շփումը Եվրոպայի հետ: Իսկ այդ շփումը չափազանց կարևոր է Հայաստանի հետ Եվրոպայի հարաբերությունները կառուցելու, խորացնելու տեսանկյունից:
Բանն այն է, որ այսօր Եվրոպան Հայաստանի հասարակության շրջանում ունի հակասական ընկալում, ենթարկվում է մանիպուլյացիաների, հասարակությունն ընդհանրապես Եվրոպան համարում է նոր ու անծանոթ, հեռու մի մոլորակ, որի հետ գործ ունենալուց զգուշանում է, առավել ևս լսելով եվրոպական «այլասերությունների» մասին քարոզչական ղողանջները: Այս պայմաններում հայ-եվրոպական հարաբերությունների, Հայաստանի եվրաինտեգրացիայի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչքանով կմեծանա Եվրոպայի ճանաչելիությունը Հայաստանի հասարակության մոտ:
Հասարակությունը թող հնարավորինս շատ տեղեկանա Եվրոպայի թե՛ լավից, թե՛ վատից, տեսնի թե՛ դրականը, թե՛ այն արատները, որ կան ամենուրեք, այն խնդիրները, որ անխուսափելիորեն ունի յուրաքանչյուր սոցիում: Սա շատ ավելի լավ է, քան միֆականությունը, քան Եվրոպան հեռու մոլորակ ընկալելը: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մի պարզ բան արձանագրել՝ Եվրոպան այն աշխարհում է, որում նաև իրենք են ապրում, հետևաբար Եվրոպան դրախտ կամ դժոխք չէ, այլ մի կենսատարածք, որը հասել է աննախադեպ հաջողությունների և ձեռքբերումների` բնականաբար ունենալով նաև իր խնդիրներն ու փնտրելով դրանց լուծումները: Սա կօգնի Հայաստանում, այսպես ասած, լեգիտիմացնել Եվրոպա հասկացությունը և այն զերծ պահել, զգալիորեն զերծ պահել քարոզչական շահարկումներից, որ փորձում են առաջ մղել նրանք, որոնք Հայաստանը շարունակում են տեսնել միայն ու միայն սովետա-ռուսական ճահճի մեջ:
Եվրախորհրդարանի կայացրած որոշումը կարելի է նույնիսկ բեկումնային համարել սեպտեմբերի 3-ից հետո հայ-եվրոպական հարաբերությունների փակուղային վիճակում: Սա փակուղուց ելք չէ անշուշտ, և որոշման կարևորությունը պետք չէ նաև գերագնահատել, առավել ևս, որ հետաքրքիր կլինի տեսական պոտենցիալով հանդերձ դիտարկել, թե Եվրամիության երկրների դեսպանատները Հայաստանում ինչպես են պրակտիկորեն իրացնելու դյուրին վիզային ռեժիմը: Բայց այս ընթացքում կարծես թե պահանջվում էր մի գործնական քայլ առկա իրավիճակում, ու Եվրոպան կատարեց այդ քայլը: Այս տեսանկյունից, ապակենտրոնացումն այն է, որ Եվրոպան ըստ էության Հայաստանի քաղաքացիներին առաջարկում է ուղղակի հաղորդակցություն: Այսինքն` ինչքան շատ մարդ հնարավորություն ունենա գնալ Եվրոպա, այդքան ընդլայնվում է Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունների շրջանակը: Եվ այդ շրջանակն ընդլայնվում է ոչ թե իշխանական կառույցների և ոչ թե ավանդական ՀԿ շրջանակների հաշվին, այլ նոր քաղաքացիական, հասարակական շերտերի: Գոնե տեսականում այդ հնարավորությունը ձևավորվում է: Հենց դա էլ նշանակում է ըստ էության հայ-եվրոպական հարաբերությունների մասնակի ապակենտրոնացում, ինչը կարող է միմիայն դրականորեն ազդել այդ հարաբերությունների արդյունավետության վրա:
Իհարկե, այդ ամենի գործնական իրականացումը, առարկայացումը պայմանավորված են Հայաստանում առկա մի շարք սոցիալ-տնտեսական գործոններից: Սա, իհարկե, արդեն հարցի մյուս կողմն է՝ ովքե՞ր են ի վիճակի գնալ Եվրոպա, արդյո՞ք նոր շրջանակներում կա այդ ճանապարհորդությունների տնտեսական հնարավորությունը, և արդյո՞ք այդ հնարավորությունները կան հենց այն շրջանակներում, որոնց անմիջական հաղորդակցությունն առավել քան կարևոր է Եվրոպայի հայաստանյան հասարակական ընկալումը միֆերից ու մանիպուլյացիաներից ազատելու համար: Այս հարցերը սպասում են պատասխանների, որոնք, սակայն, հուսադրող չեն, քանի որ հուսադրող չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը:
Սակայն բոլոր դեպքերում, Հայաստանից ազատ ելումուտը Եվրոպա ռազմավարական խնդիր է, որի մի զգալի մասն անցնում է լուծման հերթական փուլը մի կարևոր օղակում՝ Եվրախորհրդարանում: Ընդհանրապես, այս հարցում, իհարկե, Եվրոպան պետք է ցուցաբերի գործնական շահագրգռություն, որովհետև Հայաստանում այդ դյուրացումը հարվածում է շատերի շահերին, քանի որ կարող է խոչընդոտել մանիպուլյացիաների դաշտը, որում Հայաստանում գործում են քաղաքական և տնտեսական խմբերի մեծ մասը:










































