Վերջին 2 օրերի ընթացքում ավելի քան 6 հազար մարդ ստորագրել է համացանցում տեղադրված պետիցիայի ներքո, որը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել Սոչիում կայանալիք Օլիմպիադային մասնակցելուց: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Հաբելովին ու երիտասարդության և սպորտի նախարար Լևան Կիպիանիին հասցեագրված փաստաթղթի նախաձեռնողը «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Ազատ ընտրություններ» ոչ կառավարական կազմակերպություններն են:
«Իշխանություններին կոչ ենք անում բողոք արտահայտել Ռուսաստանի դեմ: Օլիմպիադայի մասնակցությունից հրաժարվելը նշան կլինի միջազգային հանրությանը, որ Վրաստանի իշխանությունը երբեք չի հաշտվի Վրաստանի հողերի բռնազավթման հետ»,- գրված է պետիցիայում:








































