Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները երեքշաբթի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանն ընդունել են միգրացիոն քաղաքականության հարցերով օպերատիվ արձագանքման խմբի ստեղծման մասին որոշում: Խմբում կներառվեն միջերկրածովյան պետություններն ու հյուսիսաֆրիկյան երկրները: Այս մասին Լամպեդուզա կղզում այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնել է Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ալֆանոյի խոսքերով՝ ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Հյուսիսային Աֆրիկայի պետությունները ոչմիայն զորակցություն են հայտնել Իտալիային՝ կապված ողբերգության հետ, այլև հայտարարել են, որ Լամպեդուզան հանդիսանում է Միջերկրական ծովում «դուռ դեպի Եվրոպա» և Եվրոպայի սահման, որն անրաժեշտ է պաշտպանել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Լամպեդուզայի ափերի մոտ խորտակվել էր աֆրիկյան երկրներից 518 փախստականի տեղափոխող նավը: Այն հրդեհվել էր տախտակամածին վառած խարույկից, որը նպատակ ուներ գրավել ափին գտնվողների ուշադրությունը: Փրկել հաջողվել էր 155 մարդու: Ջրից դուրս էր բերվել 289 դի: Եվս 74 դի մնում է ջրի տակ:







































