Newsru.com կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն Ադրբեջանի ճակատամերձ զորամասերից մեկում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղում նոր պատերազմն «անխուսափելի» է.
«Հայաստանի ղեկավարությունը «մշտապես ձախողում է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչն «անխուսափելիորեն հանգեցնում է» խնդրի ուժային լուծման տարբերակին։
Վերջին հաշվով, արդբեջանցի զինվորը «կարդարացնի» իր ժողովրդի ու ղեկավարության հույսերը և «կազատագրի օկուպացված» տարածքները»։ Ադրբեջանն այդ ուղղությամբ «նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում», և հակառակորդը պետք է իմանա այդ մասին»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել և ընկնում ռազմատենչ ու դատարկ հայտարարություններ հնչեցնելով։ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը:
Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստման տերը չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:
Ի դեպ, դեռևս 2006 թվականին ադրբեջանցի ռազմական փորձագետ, կոնֆլիկտաբան, Աֆղանստանի ու Ղարաբաղի պատերազմների մասնակից Ռաուֆ Ռաջաբովը Day.az-ին տված հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանում որոշ «ուռա-հայրենասերներ» շարունակ պատերազմի վերսկսման կոչ են հնչեցնում, սակայն նրանք մոռանում են, որ մեր առջև կանգնած է մինչև ատամները զինված հակառակորդը։








































